Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղծառայողները այդ տեղեկատվությանը «դոստուպ» ունենալ չեն կարող․ Դավիթ Անանյանը բարկացավ (տեսանյութ)

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2019 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության քննարկմանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը առիթից օգտվելով, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը,  երբ պատգամավորները հարցումներ են ուղարկում մի շարք տնտեսվարողների և հաճախ պատասխան են ստանում, որ տեղեկությունը հարկային գաղտնիք է պարունակում և չեն կարող դրա մասին տեղեկատվություն տալ պատգամավորներին։ Մինչդեռ, Բաբկեն Թունյանը նշեց, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը հունվարի 1-ից ուժի մեջ է մտել և տեղեկետվություն տրամադրելու ցանկն ընդլայնվել է։  

 Ի պատասխան ՊԵԿ նախագահը նախ նկատեց՝ հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանումը ինքնանպատակ չէ, ապա շարունակեց․

«Հարցադրումը ոչ թե մեզ պետք է արվի, այլ հանրությանը, որովհետև մենք պետք է բոլորին հարցնենք՝ դուք պատրա՞ստ եք, որ հարկային գաղտինք պարունակող տեղեկատվությունը հասանելի լինի նաև ոչ հարկային ծառայող հանդիսացող անձանց։ Դա շատ կարևոր է, որովհետև մենք բանկային գաղտնիքի պահպանման հետ կապված  ներքին անվտանգության համակարգեր ունենք և հսկողություն ենք իրականացնում, թե որ հարկ վճարողի հետ կապված որ հարկային ծառայողն ինչիպիսի տեղեկատվություն նայեց»։

 Դավիթ Անանյանն ասաց, թե հաճախ է տնտեսվարողներից ահազանգեր ստանում, թե կասկածներ ունեն, որ  իրեց բիզնեսին առնչվող տեղեկատվություններ է փոխանցվում իրենց մրցակից կազմակերպությանը և փոխանցողը հենց հարկային ծառայողի կողմից է արվում։ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ իր հանձնարարականով ծառայողական քննություն է նշանակվել, որպեսզի ստուգվի, թե տեղեկատվության արտահոսք եղե՞լ է, թե՞ ոչ։ 

Քննարկումները հարցի վերաբերյալ չդադարեցին, Բաբկեն Թունյանը ստիպված եղավ հիշեցնել, որ  Հայաստանը խորհրդարանական երկիր է։ 

«Քավ լիցի, չենք ցանկանում որևէ մեկի բանկային գաղտնիքը խախտել, բայց լինում են խիստ անհրաժեշտ դեպքեր, երբ մեզ պետք է ինֆորմացիա ստանալ ոչ միայն ոլորտի պատկերի մասին, այլև շուկայի ներսում գործող ընկերությունների՝ մասնաբաժինների, շահույթի, դինամիկայի մասին։ Մենք չենք ասում՝ մեզ ասեք, թե դուք ձեր հումքը որտեղից եք գնում և որքանով, դրանք մեզ պետք չեն։ Մեկ-մեկ ինձ մոտ տպավորություն է, որ մենք մոռանում ենք, որ խորհրդրանական երկիր ենք»,- նշեց Բաբկեն Թունյանը։ 

 Նա առաջարկեց, որ ԱԺ բյուջետային գրասենյակին հատկացվի համակարգիչ, որից անհրաժեշտության պարագայում կօգտվեն պատգամավորները, իսկ ՊԵԿ-ն էլ կարող է  վերահսկողություն սահմանել։

«Պատգամավորներն ավելի պակաս պարտաճանաչ չեն, քան այլ ոլորտի աշխատողները»,-նկատեց Բաբկեն Թունյանը։ 

 Արձագանքելով Բաբկե Թունյանին՝ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը նշեց, որ գրասենյակի գործառույթների արդյունավետ իրականացման մեջ կարևոր է  տեղեկատվական բազա ունենալը, ապա դիմեց ՊԵԿ նախագահին։ 

«Պարոն Անանյան, եթե հնարավոր է այդ առկա սահմանափակումներով ագրեգացված տվյալներ ստանալու  հնարավորությունը բյուջետային գրասենյակին տրամադրվի։ Առավել ևս, որ մենք այդ փորձն ուեննք, օրինակ  մեզ Ֆինանսների նախարարությունը տրամադրել է 2 համակարգ, իհարկե, որոշակի սահմանափակումներով, և մենք ագրեգացված տեսքով այդ ինֆորմացիան կարողանում ենք ստանալ»,- նշեց նա ու հավելեց, որ ՊԵԿ-ը շատ լավ բազա ունի, և գուցե ՊԵԿ նախագահի կողմից ներկայացվի այն հնարավոր տարբերակը, որով կարող են օգտակար լինել պատգամավորներին ցանկալի ինֆորմացիան ստանալու համար։ 

«Այդ ոսկե միջինը գտնվի, ու կարողանանք խորհրդարանին արագ ինֆորմացիա տրամադրել»,- նկատեց Գագիկ Բարսեղյանը։  

Արձագանքելով Գագիկ Բարսեղյանին, ՊԵԿ նախագահը բարկացավ։

«Ի՞նչ ոսկե միջինի մասին կարող է խոսք լինել եթե ՊԵԿ քաղծառայողները հասանալիություն չունեն այդ համակարգրն և ինչի պետք է ԱԺ քաղծառայողները այդ համակարգին հասանելիություն ունենան։Կամ եթե Կառավարության ներկայացուցիչներն եկել են այստեղ քննարկման, ու պատգամավորները հարցեր են ուղղում մեզ, արդյոք պարոն Բարսեղյանը նույն տոնայնությա՞մբ պետք է ասի, որ եկեք որկե միջինը քննարկենք»,- նկատեց Դավիթ Անանյանը։ 

Նա կտրականապես դեմ է այդ առաջարկին։ 

«Հարկային ծառայող չհանդիսացողը այդ տեղեկատվությանը դոստուպ ունենալ չի կարող լինել»,- ասաց նա։