ԱԺ արտահերթ նիստն ընդմիջվեց
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը։ Օրակարգում մեկ հարց է՝ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների հեղինակած Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնել։
Խոսքը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Արևիկ Պետրոսյանի, Ֆելիքս Թոխյանի, Արայիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի և Նազարյան Հրանտի մասին է։
Նկատենք, որ ՍԴ-ի միայն 2 դատավորներ՝ Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանն են դատավոր ընտրվել Սահմանադրության 7-րդ գլխի ուժ մտնելուց հետո։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ «ԱԺ-Կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախագիծը պետք է քննարկվեր գլխադասային՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Մինչդեռ, ըստ Մարուքյանի՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հատուկ ընթացակարգի վերաբերյալ եզրակացություն չի տվել, և հիմա խորհրդարանն առանց այդ եզրակացության մտնում է սահմանադրական փոփոխության հատուկ ընթացակարգի մեջ, ինչը խախտում է։ Պատգամավորը ԱԺ ղեկավարությանը խորհուրդ տվեց գործընթացը դադարեցնել և ճիշտ ճանապարհ ընտրել։
Նրան արձագանքելով՝ ԱԺ նախագահն ասաց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը նախատեսում է դեպքեր, երբ նախագծերի քննարկումը տեղի է ունենում առանց գլխադասային հանձանժողովի եզրակացության։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց։
ԱԺ նիստն ընդմիջվեց։