Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Հովակիմյան
A A
Քաղաքականություն

Դեմ կքվեարկեն․ Սահմանադրության վերաբերյալ նախագիծը կներկայացնեն համաժողովրդական հանրաքվեի (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստին 20 րոպե ընդմիջում վերցնելուց հետո խորհրդարանն սկսեց քննարկել «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների հեղինակած՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնել։

Նախագծի հիմնական զեկուցող, իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախ հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է դարձել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, այսինքն՝ նախորդ Սահմանադրությամբ։

Վահագն Հովակիմյանը շեշտեց, որ ժամանակին նախորդ իշխանությունը գովում էր իր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, սական դրանք անտեսվեցին, «ոտնատակ» տվեցին։

«Գործող Սահմանադրական դատարանի 7 անդամները ունեն պատասխանատվություն ՀՀ-ում տեղի ունեցած վերջին 2 տասնամյակում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների խեղաթյուրման համար։ Ժողովրդի կամքի վրա բռնանալու համար, Սահմանադրության 2-րդ հոդվածի կիրարկումը չապահովելու համար, բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը»,- նշեց Վահագն Հովակիմյանը։

Ըստ նրա՝ ՍԴ-ի նկատմամբ հանրության վստահությունը բացակայում է, և նույնիսկ եթե ՍԴ գործող կազմը ամենաիդեալական որոշումն էլ կայացնի, միևնույն է՝ հանրությունն այն վիճարկելու է։

«Որովհետև հանրությունը, ի դեմս այսօրվա ՍԴ-ի, տեսնում է այն ՍԴ-ին, որը տարիներ շարունակ ընտրությունների կեղծումները դակում էր»,- նշեց նա։

Վահագն Հովակիմյանը շեշտեց, որ իշխանությունն ամեն ինչ արել է, որ ՍԴ անդամներն իրենց մասնակցությունն ունենան ՍԴ-շուրջ ստեղծված իրավիճակը հագուցալուծելու գործում, սակայն դրանից չօգտվեցին։

Խոսքը ՍԴ-ի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ի դիմումը վարույթ չընդունելն է և Կառավարության ներկայացրած նախագիծը, որով ՍԴ դատավորները կարող էին վաղ կենսաթոշակի անցնել և մինչև իրենց պաշտոնավարման ավարտը ստանալ իրենց աշխատավարձը։

Վահագն Հովակիմյանը սա որակեց այնպես, որ Կառավարության մեկնած ձեռքը ՍԴ դատավորները անտեսեցին։ Պարոն Հովակիմյանը նշեց, որ սա է պատճառը, որ հիմա նման նախաձեռնություն են ներկայացրել։ Իշխող խմբակցության անդամը հայտարարեց նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ այս նախագծին դեմ է քվեարկելու և Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետի ուժով՝ ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։

«Սա ժողովրդավարության կիրառում է»,- ընդգծեց նա։