«ՍԴ-ն պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ ինքը չի կարող երկրում իշխանություն ձևավորել»
Աջակցիր «Ա1+»-ինԳործող Սահմանադրությամբ հանրապետության նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, կուսակցության անդամ չեն կարող լինել նաև դատավորներ։ Եւ եթե հաշվի առնենք նաև այն, որ ԱԺ նախագահը զրկվել է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու լիազորությունից, կարող ենք արձանգրել, որ ՍԴ-ի կուսակցականացման ռիսկերը գործող Սահմանադրությամբ մեղմվել են։
Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասին նախագծի քվեարկությունից առաջ։
«Մեղմվել են նաև ՍԴ նախագահի կողմից դատարանում մենիշխանություն հաստատելու ռիկսերը, որովհետև գործող Սահմանադրությամբ ի ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահ է ընտրվում ոչ թե ցմահ, այլ 6 տարի ժամկետով։ Ընդ որում՝ ՍԴ դատավորը դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերացվել է «աննորմալ» պրակտիկան, երբ նույն մարդը 35 տարի կարող է լինել ՍԴ-ի անդամ։
«Սա իսկապես աննորմալ պրակտիկա է, որովհետև երբ պետության նախագահը կամ վարչապետը 30-35 տարի մնում է պաշտոնում, մենք այն համարում ենք մենիշախանություն, բռնատիրություն։ Բայց բնական ենք համարում, երբ նույն մարդը 35 տարի կարող է լինել ՍԴ անդամ կամ ՍԴ նախագահ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ գործադիրի ղեկավարի՝ 3-րդ հանրապետությունում Սահմանադրական դատարանը դարձել է տանիք ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար։
«1996, 1998, 2003, 2008, 2013թթ․-ի նախագահական ընտրություններում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձևավորելու իրավունք։ Որովհետև ամեն անգամ ՍԴ-ն պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ ինքը չի կարող երկրում իշխանություն ձևավորել, որովհետև դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։