ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները չեն ցանկանում միավորվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության որոշմամբ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը պետք է միավորվի Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի հետ։ Առողջապահության նախարարի պնդմամբ՝ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը։
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, սակայն, մտահոգված են։ Աշխատակիցները չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր մեծ ենթակառուցվածքներ ունեցող հիվանդանոցը միավորել մեկ այլ հիվանդանոցի հետ։
«Այս կենտրոնը մեր տարածաշրջանում ունի լավագույն ցուցանիշներից մեկը։ Մեր համար անհասկանալի է՝ ի՞նչու հրաժարվել եղած կայուն համակարգից։ Ըստ երևույթին՝ նպատակը միջազգային փորձի կիրառումն է ՀՀ-ում, բայց արդյո՞ք ամեն մի փորձ անվերապահորեն համապատասխանում է տվյալ գործող համակարգին, երկրի կարգավիճակին։ Արդյո՞ք հանրությունը պատրաստ է այս փոփոխություններին, արդյո՞ք այս ամեն ինչը մանրակրկիտ հաշվարկվել և ուսումնասիրվել է»,-նշում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Բժշկական օգնության և սպասարկման բաժնի վարիչ Արշակ Ասմարյանը:
Լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ Անահիտ Ասատրյանը նշում է՝ տարիների երկարատև աշխատանքի ընթացքում ՄԻԱՎ-ի հայտնաբերման սխալ ախտորոշում դեռևս չի իրականացվել։ Նրան անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ կենտրոնը վերահսկողություն է իրականացնում բոլոր այն լաբորատորիաներում, որտեղ իրականացվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, և հիվանդանոցի միավորումը կարող է վտանգել նրանց աշխատանքը։
«ՀՀ բոլոր բժշկական կազմակերպությունները, որտեղ իրականացվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, մեր կենտրոնի կողմից անցնում են արտաքին որակի հսկողություն։ Շիճուկները՝ դրական և բացասական, մատուցվում է, լաբորատորիաներին ցուցաբերում ենք մեթոդական օգնություն, ,և երբ խնդիր է առաջանում, մեզ դիմում են։ Եթե արտաքին հսկողություն չիրականացվի մասնավոր և պետական լաբորատորիաներին, հնարավոր է՝ սխալ ախտորոշման պատճառ դառնա»։
Կենտրոնը, բացի բուժում իրականացնելուց, համագործակցում է երկու խոշոր գիտահետազոտական ինստիտուտների հետ՝ իրականացնելով գիտական աշխատանքներ, նշում է մանրէաբանության վիրուսաբանության և գենետիկայի լաբորատորիայի բժիշկ լաբորանտ Արշակ Պետրոսյանը։
Կենտրոնի աշխատակիցներին անհանգստացնում է այն փաստը, որ թեև նամակով դիմել են Առողջապահության նախարարությանը, սակայն մինչ օրս նախարարությունը նրանց հետ հարցը չի քննարկել։ Օրեր առաջ բաց նամակ է ուղարկվել վարչապետին․
«Կենտրոնը ճանաչված է տարածաշրջանում որպես լավագույնը, հետևաբար այս ամենը վտանգել առանց հիմնավորումների հարցական է։ Չենք վիճարկում, որ առաջարկը միգուցե արդյունավետ է, բայց պետք է քննարկվի և ապացուցվի»,- նշեց բժիշկ համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը
Աշխատակիցները պահանջում են նախարարության հետ մասնագիտական քննարկում կազմակերպել։