Էդմոն Մարուքյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՍտամբուլյան կոնվենցիան խորհրդարանի օրակարագում դեռևս չկա, որովեհտև այն Սահմանադրական դատարանի եզրակացությունը չի ստացել։ Այս մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության տարեկան հաշվետվությանը հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Որևէ միջազգային փաստաթուղթ Հայաստանում չի կարող վավերացվել, եթե Սահմանադրական դատարանը չի տվել դրա մասին եզրակացություն առ այն, որ այն չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը։ Այն մտահոգությունները, որոնք վերաբերում են ընտանիքի ձևավորմանը, և թե ինչ ձևով զույգերը կարող են ընտանիք ձևավորել, դրա մասին հստակ նշում կա Սահմանադրության մեջ, որ ընտանիքը տղամարդու և կնոջ կամավոր միավորումն է։ Եթե այդ դրույթի հետ կապված խնդիր լինի, ապա վստահամաբար ՍԴ-ն դրական եզրակացություն չի տա։ Քանի դեռ ՍԴ-ն եզրակացությունը չի տվել, այդ թեման քննարկելն անիմաստ էր, և մենք չենք մտել այդ քննարկումների մեջ հենց այդ պատճառով։ Այն մեծ արշավ դարձավ գործող իշխանության դեմ, մենք տեսնելով, որ այդ արշավը շատ լավ կազմակերպված և կառավարվող արշավ է, մենք չենք մտել դրա մեջ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ դեռ որոշում չունի։ Երբ հայտնի կլինի Մայր դատարանի եզրակացությունը, այն ժամանակ էլ խմբակցությունը հետևություններ կանի և կհայտարարի իր որոշման մասին։
«Մի բան կարող եմ ասել, որ հանգիստ և ողջամիտ պետք է մոտենանք նման հարցերին։ Տեսնել, թե դրա մեջ ինչ կա, ոչ թե ինչ է դրա մասին ասվում»,- ասաց պարոն Մարուքյանը և հավելեց, որ հակաքարոզչություն է եղել, որի մեջ չեն մտել։
«Ինչ-որ մեկի մոտ կասկած կա՞, որ կնոջ նկատմամբ բռություն կիրառել չի կարելի է։ Չկա՞ չէ այդպիսի կասկած, չունե՞նք չէ մարդիկ, որոնք գտնում են, որ ուրբաթ օրը կարելի է կնոջը ծեծել կամ տղամարդուն։ Ոստիկանապետն օրեր առաջ ասում էր, որ ահազանգեր կան, որ շատ տեղերում տղամարդկանց են բռնության ենթարկում։ Պետական համապատասխան մարմինները պետք է յուրաքանչյուր բռնություն կանխարգելեն և դրա հետ կապված երկրորդ կարծիք լինել չի կարող»,- նշեց Էդմոն Մարուքյանը։