Անի Սամսոնյանը կոչ է անում խրատներ տալուց առաջ հիշել սեփական գործողությունները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում ընդմիջման ժամին՝ նիստերից անմիջապես հետո, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հորդորեց հարգել իրեն, այլապես ինքն էլ նրանց չի հարգի։
Պատգամավորի զայրանալու պատճառը իմքայլական Համազասպ Դանիելյանի ելույթն էր , որը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին, որով Անի Սամսոնյանն առաջարկում է, որպեսզի նվիրատվությունները հաստատի համայնքի ավագանին։
«Բովանդակային քննարկում էր, որից ինքն անցում կատարեց այլ թեմայի, և ես նրան հորդորեցի վերադառնալ բովանդակային քննարկման, ինչից էլ փոքրիկ վիճաբանություն ծագեց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ Համազասպ Դանիելյանը փորձել է իրեն դաստիարակչական խրատներ տալ։
«Երբ մենք ստեղծում էինք քննիչ հանձնաժողով, մեր գործընկերները հայտարարում էին՝ ինչո՞ւ եք զբաղվում անիմաստ գործերով, դուք կարող եք բերել օրենսդրական նախաձեռնություններ, որպեսզի մենք այդ դաշտը կարգավորենք։ Հիմա ես բերել եմ օրինագիծ, բայց մեր գործընկերները չգիտես ինչու դեմ ելույթներ են ունենում տարբեր պատճառաբանություններով։ Ես ասել եմ, որ պատրաստ եմ ընդունել առաջարկներ, բայց քաղաքական ելույթներ են հնչում, որ կարծես թե ինչ-որ խնդիր կա, և մեր գործընկերները չեն ուզում ընդունել այն»,- ասաց Անի Սամսոնյանը։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը կոչ արեց գործընկերներին խրատներ տալուց առաջ հիշել սեփական գործողությունները։
«Ես չեմ կարող որևէ մեկին խորհուրդ տալ անել մի բան, եթե ես այդ խորհրդին չեմ հետևում․ սա է սկզբունքը։ Եթե մեր գործընկերներն ուզում են համագործակցային հարաբերություններ, ապա իրենք թող դա պահպանեն»,- նկատեց Անի Սամսոնյանը։
Նա հավելեց, որ գլխադասային հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն է ստացել, ինքն ընդունել է Կառավարության առաջարկները, սակայն այսօր «Իմ քայլը» խմբակցությունից քաղաքական ելույթներ են հնչում, ինչից ինքը հետևություններ է արել։
«Ես արդեն տպավորություն ունեմ, որ կա քաղաքական որոշում, որ այս նախագիծը չպետք է անցնի։ Ես չեմ ուզում մտածել, որ Երևանի քաղաքապետը ինչպես քննիչ հանձնաժողովի դեպքում եկավ Ազգային ժողով և ասաց, որ թե ինչ պետք է անեն, նույնը այս նախագծի դեպքում է»,- ասաց նա։
Հարցին, թե քաղաքապետ Հայկ Մարությանը եկե՞լ է ԱԺ, Անի Սամսոնյանն ասաց, որ մամուլում նման տեղեկություններ են շրջանառվել։
Անդրադառանալով Սահմանադրությում փոփոխություններ անելուն, և քննադատություններին, թե «Լուսավոր Հայաստանը» պաշտպանում է Հրայր Թովմասյանին, Անի Սամսոնյանն ասաց․
«Հրայր Թովմասյանին պաշտպանելը հղում են անում, որպեսզի ցույց տան, որ մենք պաշտպանում ենք մեկ անձին՝ փորձելով թաքցնել այն, որ իրենք ընկել են այդ մեկ անձի ետևից։ Մենք բազմից ասել ենք, որ մենք պաշտպանում ենք օրենքը և կոչ ենք անում բոլոր գործողությունները պայմանավորել օրենքի, իրավականության շրջանակներում և չբերել հակասահամանդրական նախագծեր։ Եթե մենք ԱԺ ամբիոնից կոչ ենք անում օրենքի գերակայության մասին, դա չի նշանակում, որ մենք պաշտպանում ենք մեկ անձի»,- նշեց Անի Սամսոնյանը։
ԼՀԿ պատգամավորն ասաց, որ խմբակցությունը իր սեփական օրակարգն ունի, որոնք բերելու են փոփոխությունների և կառչած չեն մնալու իշխանության՝ մեկ անձի հարցը լուծելու օրակարգից։