Գևորգ Պետրոսյանը՝ հանրաքվեի և Տիգրան Ուրիխանյանի՝ խմբակցությունից հեռանալու մասին
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը շարունակում է պնդել, որ Սահմանադրությունում փոփոխություններ անելու գործընթացը հակաիրավական է։
Հարցին, թե այդ դեպքում, ինչո՞ւ ԲՀԿ-ն չի միանում «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը և չի դիմում Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը, Գևորգ Պետրոսյանը նշեց, որ որևէ մեկին միանալու խնդիր չունեն, ապա հավելեց, որ ԼՀԿ-ի կողմից առաջարկ չի էլ եղել, որ ԲՀԿ-ն համաձայնի կամ ոչ։
«Կա մի խնդիր, որ հարցը կարող է քննել մի մարմին, որը վերաբերում է այդ մարմնի գործունեությանը, բայց նաև մենք ի սկզբանե ասել ենք, որ այս պրոցեսը այնպիսի ակնհայտ խախտումներով է ընթանում, որ այստեղ կարելի է ասել այքան էլ չի մեծանում ՍԴ դիմելու անհրաժեշտությունը։ Իրենք էդքան ասում են՝ ժողովուրդը թող որոշի, հլը կտեսնենք՝ քարոզարշավն ինչպես կընթանա»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավորն ասաց, որ 2-3 օր անց տեղի է ունենալու ԲՀԿ-ի քաղաքական խորհրդի նիստը, որտեղ էլ որոշում կկայացվի՝ ԲՀԿ-ն հանրաքվեին ո՞ր ճամբարից կլինի։
ԲՀԿ-ական պատգամավորը հերքում է, թե խմբակցությունը կարող է քաղաքական առևտրի մեջ լինել և իշխանությունների հետ պայմանավորվածություններ ունենալ։
Հարցին «եթե Գագիկ Ծառուկյանն ասի` Գևորգ ջան, ցավդ տանեմ, այո պիտի քվեարկենք», չե՞ք քվեարկելու, Գևորգ Պետրոսյանն ասաց․
«Գիտեք ինչ՝ մեր հարաբերություներն էնպիսին չեն, որ Գագիկ Ծառուկյանը էդ եղանակով պետք է իր կուսակիցներին խնդրի։ Գագիկ Ծառուկյանը, որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ, որովհետև մենք ընկերներ ենք, ինքը ինձ համար եղբայր ա, բայց նման հարցերում կանգնի ասի՝ Գևորգ ջան, խնդրում եմ սենց քվեարկի․․․․։ Իր ասածը ինձ համար շատ հարցերում անբեկանելի, անքնարկելի է, բայց քաղաքական հարցերում, դուք էլ լուրջ չեք վերաբերվի, երբ որ որևէ կուսկացության ղեկավար իր դիրքորոշումն անցկացնելու համար կանչի կուսակիցներին՝ ասի ցավդ տանեմ, խնդրում եմ․․․․, սա քաղաքական մոտեցում չէ։ Մեր փոխհարաբերությունները այդ հիմքերի վրա չեն՛,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
Անդրադառանալով Տիգրան Ուրիխանյանի՝ խմբակցությունից դուրս գալուն, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ նույնիսկ վարկած չունի, թե ինչի՞ է նա խմբակցությունից դուրս գալ։
«Դիմումում մանրամասներ նշված չէ, ընդամենը նշվում է, որ ինքը չի ցանկանում շարունակել խմբակցության հետ իր աշխատանքը, շարժառիթների մասին գուշակություններ անել չեմ ուզում»,- ասաց նա։
Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև Սահմանադրական բարեփոխումներ մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին։ Հարցին, թե հույս կա՞, որ իշխանությունը կհրաժարվի «սուպերվարչապետական» համակարգից, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ դատելով մինչ այս հնչած ելույթները, ինքը հակված չէ մտածել, որ նման հույս կա։
«Քանի Կառավարություն չէին, անընդհատ թմբկահարում էին, որ «սուպերվարչապետությանը» պետք է վերջ տրվի, հիմա կարծես թե հարմարվել են այդ մթնոլորտին, ռեժիմին, վիճակին և որևէ մեկը իշխանությունից չի խոսում, որ եկեք «սուպերվարչապետական» համակարգը փոխենք»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը։