Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ո՞վ է իրականում «Այո»-ի լոգոյի հեղինակը (տեսանյութ)

«Երեկոյան Երևանի» խմբագիր Նորայր Ենգիբարյանին զանգահարել է Հանրային գրադարանի տնօրենը և ասել, որ ինքը նայի նկարը և վերհիշի՝ ով է նկարել, ինչպես եւ այլն։ 

Ենգիբարյանը «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի կողմից 1 մլն դրամ պարգևատրում ստանալուց հետո ներկաներին պատմեց մանրամասները։

Այսօր Սուրեն Պապիկյանը «Այո»-ի լոգոյի համար նախատեսված 3 միլիոն դրամը բաշխեց «Երեկոյան Երևան» թերթի երկու նկարիչների՝ Ստյոպա Նարոյանի և Ցոլակ Ղանդիլյանի դուստրերի, ինչպես նաև  թերթի  խմբագիր Նորայր Ենգիբարյանի միջև։

Թերթի խմբագիրը պատմեց լոգոյի հեղինակի մասին, նշեց, որ մասնագիտությամբ լրագրող է եղել, բայց ունեցել է նաև նկարելու տաղանդ։

Խմբագիրը պատմում է, որ Ստյոպա Նարոյանը շատ աշխատասեր, պրպտուն, խոնարհ անձնավորություն էր:

«Չկար մի բան, որ նա թերանար կատարել, բոլոր հանձնարարությունները կատարում էր շատ  ճաշակով: Նա կարողանում էր տառատեսակ ստեղծել: «Այո»-ի տառատեսակը հենց նա է ստեղծել: Պատահական չէ, որ այն աչքի է զարնում, և գայթակղվել են ու օգտագործել որպես լոգո»:

Ինչ վերաբերում է հեղինակային իրավունքի խախտման դեպքին, խմբագիրն ասաց՝ այդ մասին անգամ խոսք լինել չի կարող, քանի որ նույնիսկ արխիվային փաստաթղթերով է ստուգվել, որ նկարի հեղինակը հենց իրենց թերթի նկարիչն է։

 «Նկարի հեղինակը Ստյոպա Նարոյանն է, որի համար նա դեռ տարիներ առաջ ստացել է հոնորար»։

Խմբագրի խոսքով՝ եթե այսօրվա հեղինակները մտածված կապ ստեղծեին երկու հանրաքվեների միջև, դա այլ հարց կլիներ։

 Հարցին՝ գողություն համարո՞ւմ է արդյոք տեղի ունեցածը, Ենգիբարյանն ասաց, որ դա քրեական հարց է, պետք է ուսումնասիրել, հետո ասել:

Խմբագիրը  նման արձագանքի  չի սպասել և դեռ չի մտածել, թե ինչի վրա է ծախսելու գումարը։

Նշեց նաև, որ հանրաքվեին անպայման մասնակցելու է։

«Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ արդարությունը վերականգնելու և  բարոյական առումով ճիշտ ու մաքուր պրոցես ունենալու համար է կայացվել գումարը բաշխելու որոշումը։

«Նկարի հեղինակը՝ պարոն Նարոյանն այս պահին մեզ հետ չէ: Մենք գտել ենք նրա ժառանգին՝ տիկին Սյուզաննա Նարոյանին: Մեկ այլ նկարի հեղինակ պարոն Ցոլակ Ղանդիլյանն է, ով մեզ այս ինֆորմացիան տվեց, ինչը հետագայում հաստատվել է: Մենք նաև շնորհակալ ենք խմբագիր Նորայր Ենգիբարյանին, ով մեզ սկզբնական ինֆորմացիա էր տվել, թե ում հետ կարող ենք խոսել,  ովքեր կարող են նկարի հեղինակները լինել»,- ասաց նա: