Պաշտոնյաների՝ 25 մլն դրամը գերազանցող գույքը կդառնա ուսումասիրության առարկա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում քննարկվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ օրինագիծը կարգավորում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը:
Ներկայացնելով նախագիծը՝ նախարարն ընդգծեց, որ այն թույլ է տալիս բռնագանձել նախագծով նախատեսված էական ծավալներով, այն է՝ 25 մլն դրամը գերազանցող գույքը, որի ձեռքբեումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:
Նախարարը վստահեցնում է, որ այլ երկրների համեմատ՝ այս շեմը բավականին բարձր է դրված:
Բադասյանը նաև տեղեկացրեց, որ պոտենցիալ ապօրինի գույքն ուսումնասիրող իրավասու մարմինը ստեղծվելու է ՀՀ գլխավոր դատախազության կազմում։
Իրավասու մարմինը հնրավարություն է ունենալու իր ուսումնասիրություններն իրականացնել մի քանի փուլով.
«Ուսումնասիրության առաջին փուլում իրավասու մարմինն, առանց ուսումնասիրության առկայության մասին հրապարակելու, հավաքում է պոտենցիալ պատասխանողին պատկանող ապօրինի գույքի ձեռք բերման ու ծագման մասին տեղեկություններ։ Եթե օրենքով նախատեսված սահմանաչափը գերազանցող և օրինական եկամուտներով չհիմնավորվող գույք չի հայտնաբերվում, իրավասում մարմինն ավարտում է ուսումնասիրությունը, հակառակ դեպքում վարույթը շարունակվում է, և ըստ անհրաժեշտության դիմում է դատարան՝ հայցի անհրաժեշտ միջոցների կիրառման խնդրանքով»,-ներկացնում է նախարարը:
Նախարարի տեղեկացմամբ՝ ուսումնասիրության երկրորդ փուլում իրավասու մարմինը հավաքում է շահագրգիռ կողմերին, ներկայցնում արդյունքները, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց փաստերն ու դիրքորոշումը:
Արդեն երրորդ փուլը գործի քննությունն է դատարանում, որը անցկացվում է քաղաքացիական դատավարության ֆորմատով։
«Բազմաթիվ գործիչների ձեռնտու է եղել այս նախագիծը ներկայացնել կուլակաթափության ինստիտուտի շրջանակներում։ Կարծում եմ` պարզից էլ պարզ է նման շահարկումների նպատակը: Սա գործիք է, որը կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, և որը Հայաստանը չի կիրառել՝ ի հեճուկս միջազգային կազմակերպությունների բազմաթիվ հորդորների, և սա հանրության բարիքները գողացած անձանց դեմ հայց ներկայցնելու և հօգուտ տուժողի կամ պետական բյուջեի բռնագանձման ինստիտուտ է»,- եզրափակեց Բադասյանը։