Ընդդիմադիրները՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրինագծի մասին
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց՝ չի կարող թաքցնել իր համակրանքը նախագծի անվան, դրա նպատակի նկատմամբ, սակայն նույնքան կարևոր է համարում այս գործիքի արդարությունը ճիշտ կիրառելը, որպեսզի չպատճառվի լրացուցիչ վնաս:
Մանե Թանդիլյանին մտահոգում է հարցը, թե որքանով է այս գործիքն ազդելու սովորական քաղաքացու վրա, ով կարողացել է 25 միլիոնից բարձր արժողությամբ գույք ձեռք բերել և չունի որևէ փոխկապակցվածություն:
Թանդիլյանը նկատեց, որ այդպիսի գույք կարող է ձեռք բերել, օրինակ, ինժեները:
«Շատ կուզենամ, որ օրենքը ծառայի այն նպատակին, որին ցանկանում են, հետևաբար՝ մանրուքները շատ կարևոր են լինելու»,- ասաց նա:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս վստահ է, որ մեր երկրում կարող են լինել քաղաքացիներ, ովքեր կարող են օրինական ճանապարհով իրենց թույլ տալ ունենալ 25 մլն դրամից ավելի գույք, և անգամ հարց չպիտի ծագի, թե որտեղից:
Այնուամենայնիվ Զոհրաբյանը նախագծի փիլիսոփայությանը դեմ չէ, սակայն խնդահարույց համարեց այն, որ ապօրինի գույքի բռնագանձման պարտականությունն իրացնում է դատախազությունը, սակայն ըստ Սահմանադրության՝ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայցը հարուցում է բացառիկ դեպքերում, այնինչ այս պարագայում դատախազությունը կարող է իր բացառիկ լիազորությունը իրացնել պարբերաբար և ոչ թե բացառիկ դեպքերում:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ևս կարևոր համարեց օրենքի նախագիծը: Բաբաջանյանը հիշեց, որ ընդամենը երկու-երեք տարի առաջ մեր երկրում ԱՄՆ-ի, Եվրամիության դեսպանները կոռուպցիայի մասին խոսում էին արդեն որպես մեր երկրին սպառնացող ազգային անվտանգության սպառնալիք.
«Իշխող հանրապետական խմբակցության ղեկավարն այդ ժամանակ դեսպաններին պատասխանում էր, թե թող քիթները չմտցնեն մեր երկրի ներքին գործերի մեջ: Դա շարունակվում էր այն ժամանակ, երբ մեր երկիրը շարունակում էր աղքատանալ, երբ մեր երկրում շարունակում էր աղետի գոտու տարածքը մնալ նույնը, և մենք չէինք կարողանում թոթափել այդ բեռը»:
Բաբաջանյանը կարեւորեց, որ կարողանանք հավասարակշռել նախկին պաշտոնյանների, սեփականատերերի և հանրության շահը, և այս կարգավորումը ավելի շատ առնչվի ապագայի հետ և ոչ անցյալի՝ որպես հաշտության միջոց: