Էդ 25 միլիոնով հնարավոր կլիներ 2 տարի Էդմոն Մարուքյանին վարձատրել․ Սոս Ավետիսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծի վերաբերյալ քնանրկումների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն անդրադարձավ ընդդիմադիրների դիտարկումներին, թե սահմանված 25 միլիոնը ցածր է.
«Իրապես պետք է լինի հնարավորիս նեղ շեմ, պետք է լինի 25 միլիոն, էդ 25 միլիոնով հնարավոր կլիներ 2 տարի Էդմոն Մարուքյանին վարձատրել, այսինքն՝ այդ թվի նկատմամբ կարելի է քամահրանքով չվերաբերվել»:
Ըստ Ավետիսյանի՝ պետք է հաշվի առնել ձեռք բերված ապօրինի գումարների ամբողջ տրամաբանությունը և բռնագանձել:
Նրան արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Տպավորություն է, որ այս ամբիոնից իմ անունն անընդհատ տալով՝ ուզում եք ինքնահաստատվեք, բայց այստեղ թրոլինգի տեղ չի, ես կոնկրետ նախագծի մասին եմ խոսում, Դուք ասում եք՝ 25 միլիոնի աշխատավարձ, Ձեզ տվեք այդ աշխատավարձը»:
Մարուքյանն ասում է՝ տպավորություն է, որ նպատակային փորձ է արվում իրար սխալ հասկանալ.
«Երբ ես ասում եմ, որ 25 միլիոնի շեմը ցածր է, և պետական ռեսուրս ենք ծախսելու , որպեսզի 25 միլիոնի հետևից գնանք, դրա համար պետք է շեմը բարձրացնենք, ավելին ասեմ՝ 25 միլիոնի շրջանակներում շատ ավելի հավանական է, որ անմեղ մարդիկ տուժեն, քան մեծ շեմի պարագայում»:
Մարուքյանը հորդորեց մտնել աշխատանքային հուն: