Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Տնտեսություն

Մոնումենտի զբոսայգու մոտ շքեղ առանձնատուն ունեցող նախկին պաշտոնյաները բողոքել են (տեսանյութ)

«ԱՐ-ԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր տնօրեն Արայիկ Գոջաբաշյանն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե կառավարությունում քննարկվել է հիփոթեքային վարկերի դեպքում եկամտահարկը վերադարձնելու ծրագիրը դադարեցնելու հարցը, բացասական ազդեցություն է ունեցել բնակարանաշինության ծրագրերի վրա։ Եկամտահարկի վերադարձը 2019թ․ կազմել է մոտ 8 մլրդ դրամ, 2020թ․ համար կանխատեսվում է 20 մլրդ դրամ։ Հիփոթեքային վարկերը տրվում են հիմնականում 20 տարով, և ստացվում է, որ մինչև 2040թ յուրաքանչյուր տարի առնվազն 20 մլրդ դրամ եկամտահարկ չպետք է գանձվի։ Իշխանությունները մտածում են սոցիալական բնակարանաշինության այլ տարբերակ գտնել, որպեսզի բյուջեն այդքան կորուստ չունենա։

Ա․Գոջաբաշյանը, սակայն, ասում է, որ այսօր շատ մեծ ծավալների բնակարանաշինություն է իրականացվում, նաև մեծ ծավալների բնակարանաշինության թույլտվություն կա։ Իսկ շինարարությունը համակարգաստեղծ ոլորտ է, խթանում է տարբեր ոլորտների զարգացմանը։ Եվ այսօր, երբ ոլորտը ստվերից դուրս է եկել, աշխատելով ավելի շատ հարկեր կարող է վճարել, քան թե այդ եկամտահարկը, որի ետվերադարձի դեպքում բյուջեն կարող է կորուստներ ունենալ։ Ավելին, նա ասում է, որ Երևանի բնակֆոնդը աղետալի վիճակում է և կառավարությունը պետք է այն աստիճանաբար նորացնելու ծրագրեր իրականացնի՝ համագործակցելով մասնավորի հետ։

Ա․Գոջաբաշյանը նաև հավելում է, որ իր ընկերությունը մի քանի այլ գործընկերների հետ միասին բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ունի Քանաքեռ-Զեյթուն համայնքում․ Կարապետ Ուլնեցի փողոցին և Հաղթանակ զբոսայգուն հարող այն հատվածում, որտեղ բազմաթիվ խոշոր առանձնատներ կան։ Բայց ծրագիրը կասեցված է, քանի որ առանձնատների սեփականատերերը բողոքել են դրա դեմ, թե եթե այդտեղ բարձրահարկ շենքեր կառուցվեն, իրենց բնակարանների արժեքը կընկնի։ Ա․Գոջաբաշյանը կառավարությանը նաև առաջարկում է օրենսդրական այնպիսի փոփոխություն իրականացնել, որ նման ծրագրերը չկասեցվեն միայն բողոքի առկայության պարագայում, կասեցնեն դատարանի վճռից հետո։ Կասեցվելու դեպքում կառուցապատողները ահռելի կորուստներ են ունենում։ Ա․Գոջաբաշյանը իշխանություններին առաջարկում է թե եկամտահարկի վերադարձման ծրագիրը կասեցնելու, թե առանց դատարանի վճռի շինարարությունը կասեցնելու դեպքում քննարկումներ կազմակերպել նաև կառուցապատողների հետ և լսել իրենց առաջարկությունները։

Նշենք, որ Կ․Ուլնեցու այդ հատվածում շքեղ առանձնատներ ունեն բազմաթիվ նախկին պաշտոնյաներ։ Ա․Գոջաբաշյանը չցանկացավ ասել, թե ովքեր են բողոքել բազմահարկ շենքեր կառուցելու դեմ, բայց հիշեցնենք, որ այնտեղ տներ ունեն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ նախկին պատգամավոր Աշոթ Արսենյանը, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը և այլոք։ Վերջինս, ի դեպ, իր առանձնատունը վարձակալությամբ էր տալիս Ճապոնիայի տեսպանությանը։