Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, որպեսզի տեղի չունենա ապրիլի 5-ի հանրաքվեն (տեսանյութ)

Փաստաբան Նորայր Նորիկյանը գտնում է, որ եթե չլիներ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն, ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում այլ վարքագիծ և այլ քաղաքականություն կընտրեր։

«Ակնհայտ է, որ արտակարգ դրություն հայտարարելու պայմաններում ՀՀ Սահմանադրության ուժով չի կարող կատարվել հանրաքվե կամ ընտրություն։ Ապրիլի 5-ի հանրաքվեն հետաձգելու մեխանիզմ չկար։ Կարծում եմ, սա էր հիմնական խնդիրը, որի արդյունքում արտակարգ դրություն է հայտարարվել»,- ասում է նա։

Փաստաբանի կարծիքով, մեր երկրում կորոնավիրուսի տարածման այս իրավիճակում հանրաքվեի իրականացումը վտանգված էր․ մարդիկ դժվար թե գնային ընտրատեղամասեր և քվեարկություն իրականացնեին՝ զգուշանալով մարդաշատ վայրերից և վարակվելուց։ Նման դեպքում հանրաքվեն կտապալվեր, քանի որ անհրաժեշտ քանակությամբ քվեարկողներ չէր ունենա։ Դա գիտակցում էր նաև կառավարությունը, բայց չկա սահմանադրական այն մարմինը, կամ իրավասահմանադրական այն կարգավորումը, որը կչեղարկեր հանրաքվեն։

«Ցածր մասնակցության պատճառով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի ուժով հանրաքվեի դրված ակտը չընդունելու մասին որոշում պետք է կայացներ, դրված հարցն էլ չէր ընդունվի։ ՀՀ ԱԺ-ն էլ Սահմանադրության փոփոխությունների նոր որոշում պետք է ընդուներ, և հանրաքվեի նոր փուլի մեջ պետք է մտնեինք։ Դրա համար էլ որոշվեց արտակարգ դրություն հայտարարել»,- ասում է Նորայր Նորիկյանը։

 

Մանրամասները տեսանյութում