Արցախի ընտրությունները հետաձգելու քաղաքական գինն ավելի թանկ է լինելու. Թևան Պողոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես հասկանում եմ այն քաղաքական ուժերին, որոնք կոչ են անում հետաձգել Արցախի ընտրությունները: Բայց պետք է գիտակցենք, թե դրա արդյունքը ինչ է լինելու, որքան են իրենք հանդուրժելու գործող իշխանություններին: Չէ՞ որ Բակո Սահակյանը ընտրություններին չի մասնակցում: Իսկ այդ մարդիկ հասկանո՞ւմ են, որ նոր կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամը կարող է ոչ թե մեկ- կամ երկու ամիս տևել, այլև ավելի երկար: Այնպես որ ընտրությունների անցկացումը հետաձգելու գինը շատ բարձր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում միաժամանակ տեղի են ունենալու թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններ: Եվ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կան գործիչներ, որոնք կոչ են անում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հետաձգել ընտրությունները:
«Իսկ եթե այս ճգնաժամի արդյունքում Ադրբեջանի սոցիալական վիճակը վատանա, և ինչ-որ գործողությունների դիմե՞ն: Այս երեք օրերի հետաձգելու գինը քաղաքական առումով ավելի թանկ է լինելու, քան թե ամեն ինչ անեն, որ բոլոր սանիտարական միջոցներն ապահովելով` ընտրությունն անցկացնեն»,- եզրափակում է Թ.Պողոսյանը: