Բացել լրահոսը Փակել լրահոսը
933504
A A
Հարցազրույց Մշակույթ

Ինչ հեղափոխություններ էլ լինեն,թատրոնը կմնա թատրոն․ Հակոբ Ղազանչյան

Այսօր Թատրոնի միջազգային օրն է և «Ա1+»-ը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի հետ:

 

– Պարոն Ղազանչյան,այսօր, մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք է կայանար ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն, ի դեպ նշում է քսանամյակը և նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին։ Հասկանալի է, որ «Արտավազդ»-ը, մյուս բոլոր միջոցառումների ճակատագրին արժանացավ և տեղափոխվեց անորոշ ժամանակով:

 

– Այսօր, ցավոք, ոչ ոք չի կարող կռահել, թե երբ կանցնենք բնականոն աշխատանքի: Իհարկե տխուր է, որ այսպես եղավ, որ մեր տոնը, որին սպասում էինք մի ամբողջ տարի, համընկավ այս ժամանակների հետ, բայց ողջ քաղաքակիրթ մարդկությունն է այս վիճակում, մենք էլ մասնիկն ենք կազմում այդ քաղաքակիրթ մարդկության և պետք է որոշակի կանոնների ենթարկվենք, որպեսզի գոնե հետագայում կարողանանք առողջ աշխատենք, մեր գործը շարունակենք:

Փառատոնն ամեն դեպքում տեղի կունենա, մենք պատրաստ ենք: Փորձագետների խումբը 40-ից ավել ներկայացում է դիտել արդեն, մնացել է չորս ներկայացում նայի և մենք քվեարկության փուլը անցած աշխատանքները կհրապարակենք, կտանք մեր եզրակացությունը: Տեխնիկապես պատրաստ ենք: Այս տարի շատ շքեղ ենք տոնելու «Արտավազդ»-ը, քանի որ փառատոնի 20-ամյակն է:

Շնորհակալ ենք քաղաքապետարանին, Հայկ Մարությանին, որ այս տարի աջակցեց միջոցառմանը, որպեսզի այն շատ ավելի շքեղ ֆորմատով կարողանա ներկայանալ, քան մինչ այդ էր: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Ազգային օպերայի և բալետի թատրոնում մենք պետք է իրականացնենք միջոցառումը: Տեսնենք, որքան կտևի այս արհավիրքը, հույս ունենք՝ ոչ շատ երկար, հույս ունենք, որ, այնուամենայնիվ, մարդկությունը կառնի իր դասերը, կդիմակայի վիրուսին, կգա ժամանակը և մենք կսկսենք նորմալ աշխատել և ստեղծագործել:

 

- On-Line հարթակն այսօր գերիշխում է և մշակույթն էլ կարծես, գնում է դեպի նոր տիրույթներ: Թատրոնի հեռանկարն ինչպիսի՞ն եք տեսնում:

 

- Թատրոնն իր ստեղծման օրից, սկսած անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը կա և կլինի: Պրոֆեսիոնալ թատրոնին ոչինչ չի սպառնում: On-Line հարթակները ընդամենը ժամանակի պահանջներից բխող միջոցառումներ են, ինչին անձամբ ես և ոչ միայն ես, այլև ողջ պրոֆեսիոնալ աշխարհը դեմ է, որովհետև թատրոնը մնում է թատրոն: Դերասանի և հանդիսատեսի անմիջական կապը մեր հաջողության գրավականն է, դերասանը պետք է տեսնի հանդիսատեսի աչքերը, հանդիսատեսը պետք է տեսնի դերասանի աչքերը: Դա կարևորագույն պայման է: Ինչ հեղափոխություններ էլ լինեն, ինչ տեխնոլոգիական նվաճումներ էլ լինեն, թատրոնը կմնա թատրոն, թատրոնը կմնա որպես մշակույթի տեսակ, որը հավերժ է և կրկնում եմ, ոչ մի զարգացումներ, ոչ մի նվաճումներ տեխնոլոգիական աշխարհում չեն կարող թատրոնին զրկել իր անմիջական հանդիսատեսից:

 

–Ձեր կարծիքով, ի՞նչ պիեսներ պետք է բեմադրվեն այս արհավիրքից դուրս եկած մարդկանց համար, փիլիսոփա-խոհական, թե՞ ավելի «դյուրամարս» ժանրի: Ինչպիսի՞ն կլինի պահանջարկը:

 

– Առաջ վազել այս հարցերում հարկավոր չէ: Ես կարծում եմ, որ համամարդկային թեմաները միշտ արդիական կլինեն, և ամեն ժամանակ կպահանջի իր հերոսին, իր տեսակին: Աշխարահռչակ պիեսները, դասականների գործերը յուրաքանչյուր ժամանակաշրջանում նորովի կբացահայտվեն, և կներկայացվեն հանդիսատեսին: Ես անձամբ բեմադրում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Ժամանակն էլ իր հերթին կթելադրի, թե ինչ նորմերով մենք պետք է ապրենք, ինչ բեմադրենք:

 

– Պարոն Ղազանչյան ինչ կասեք ժամանակավոր On-Line հարթակում ներկայացվող բեմադրությունների մասին: Կա՞ արդյոք պահանջարկ, ո՞րքան են դիտումները:

 

– Բոլոր թատրոնները, այդ թվում նաև մենք, ինչ-որ բան անում են: Անձամբ մենք ցուցադրում ենք արդեն տեսագրված ներկայացումները: Դա ժամանակի պահանջն է: Երեք օր առաջ Հակոբ Պարոնյանի թատրոնի խաղացանկից մի ներկայացում ցուցադրեցինք, որը 2000-ից ավել դիտում ունեցավ: Այնպես որ, պահանջարկը կա: Ընդհանուր առմամբ, ես լավատես եմ և համոզված եմ, որ շատ շուտով այս դժվար ժամանակները կանցնեն, հանդիսատեսը կգա թատրոն և այստեղ կդիտի մեր ներկայացումները:

– Շնորհակալություն։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Զրուցեց Ռուզաննա Մկրտչյանը