Վրաստանում՝ այսօրվանից պարետային ժամ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօրվանից Վրաստանում կգործի այսպես կոչված պարետային ժամ: Մարտի 31-ի 08:00-ից Վրաստանում ուժի մեջ մտան այն բոլոր սահմանափակումները, որոնց մասին որոշում կայացվել էր երեկ՝ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում:
Ըստ Ալիքմեդիայի՝ Վրաստանի ամբողջ տարածքով արգելվում է բոլոր տեսակի հանրային տրանսպորտային միջոցների երթևեկությունը (այդ թվում մետրոյի) ինչպես քաղաքներում և մունիցիպալիտետներում, այնպես էլ քաղաքների միջև:
Բացառություն կկազմեն միայն թեթև մարդատար ավտոմեքենաները, այդ թվում տաքսիները, որոնք պարտադիր պետք է պահպանեն Առողջապահության նախարարության խորհուրդները, որոնց համաձայն ավտոմոբիլում պետք է լինի միայն երեք մարդ, որոնցից երկուսը պետք է նստեն ետևի նստատեղին:Ուղևորափոխադրումը թույլատրվում է միայն ռազմավարական նշանակության օբյեկտների աշխատակիցների կազմակերպված անվտանգ տեղափոխության նպատակով:
Արգելվում է 3-ից ավելի մարդկանց հավաքը ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից, որտեղ պարտադիր պետք է պահպանվի 2 մետր սոցիալական հեռավորություն: Կառավարության կողմից թույլատրած աշխատանքի համար՝ գործարանները համապատասխան արձանագրություններ կունենան:
Արգելվում է 70 տարեկանից բարձր քաղաքացիների տնից դուրս գալը, բացի այն դեպքերից, երբ նրանք գնում են մոտակա սննդամթերքի խանութ, դեղատուն կամ մոտակա բժշկական հաստատություն:
Այն դեպքում, եթե տարեց քաղաքացիները միայնակ են ապրում, նրանց պարտավոր են օգնել Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունները և տեղական մունիցիպալիտետը: Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է ցանկացած տեսակի տեղաշարժ, ինչպես քաղաքներում, այնպես՝ երկրի մասշտաբով: Այս ժամերին աշխատող մարդիկ, աշխատանքի առանձնահատկությունից ելնելով կարող են տեղաշարժվել միայն հատուկ թույլտվությամբ: Նշված ժամերին կաշխատեն միայն դեղատները:
Վրաստանի մի շարք քաղաքների՝ Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի, Ռուսթավիի, Փոթիի, Զուգդիդիի, Գորիի մուտքերի մոտ հսկիչ անցակետեր կտեղադրվեն, որտեղ քաղաքացիները թերմոսքրինինգ կանցնեն:Քաղաքում տեղաշարժվելու դեպքում բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: