Թալանը՝ միլիարդավոր դոլարների, ե՞րբ կբռնագանձվի․ հարց վարչապետին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեռ ինչքա՞ն պետք է Հայաստանի ժողովուրդը սպասի, որ նախկին կոռումպացված թալանչիների գույքերն ու միլիարդավոր դոլարների թալանը բռնագանձվի։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այս հարցը վարչապետին ուղղել է, մանրամասնելով․
«Չեմ ցանկանա, որ նման արտակարգ դրության պայմաններում, Հայաստանի ժողովուրդը սպասի, թե որ ձեռներեց «բարերարը» պետք է մի քանի մլն դրամով աջակցի երկրին, քանի որ իրենց «օգնությունը» դիտարկվում է որպես արդար օգնություն»։
Նիկոլ Փաշինյանը ի պատասխան օգտատիրոջն՝ ընդգծեց, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ գոհ չէ հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից։ Նիկոլ Փաշինյանը այն մարմիններին, որոնց իրավասու է հանձնարական տալ, հանձնարարել է, որպեսզի հակակոռուպցիոն գործերի էֆեկտիվությունը էականորեն ավելանա։
Օգտատերը վարչապետից հետաքրքրվել էր նաև, թե հեղափոխությունից հետո մինչ օրս քանի մլն դոլար է բռնագանձվել։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ խնդիրը բռնագանձված և բռնագանձվելիք գումարները չեն, այլ այն, որ 2018․թ-ից ի վեր ՀՀ պետական բյուջեի եկամուտները ավելացել են 1 մլրդ 100 մլն դոլարով։
«Բա այդ գումարը որտեղի՞ց եկավ, օդից ընկա՞վ։ Դա ստվերի, մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարն էր, որոնց արդյունքով այդ գումարները վերադարձվել է պետական բյուջե»,- նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։