Սրբազան իրավունքին դեմ չէ
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ի հարցերին պատասխանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Արամ Սաֆարյանը:
-Մեր երկրում ոտնահարվում են մարդու իրավունքները, խախտվում է ցույցեր, եթեր, հավաքներ անելու սահմանադրական իրավունքը, հետապնդվում են ընդդիմադիր քաղաքական գործիչները, խոսքի ազատությունը սահմանափակվում է: Ինչպե՞ս եք պատրաստվում արձագանքել այս երեւույթներին` որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ:
- Ես հարցադրման մի մասի հետ համաձայն եմ, իսկ մյուսի հետ` ոչ: Այն մասի հետ, որը վերաբերում է խոսքի ազատությանը, նկատի ունեմ` կամքի արտահայտությանը, ապա մեր հասարակության մեջ դեռ ամեն ինչ այնպես չէ, ինչպես պետք է լինի եվրոպական չափանիշներով, այո, սրա հետ համաձայն եմ:
Այն, որ մեր երկրում հետապնդվում է ազատ խոսքն ու ցույցերը, դրա հետ համաձայն չեմ, քանի որ մենք այս մարտի 1-ի գործընթացի արդյունքում Եվրախորհրդի առաջարկած փոփոխությունների մեծագույն մասը անց ենք կացրել եւ ունենք այդ հարցում համաձայնություն եւ կոնսենսուս Եվրախորհրդի հետ:
Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ հարցին: Ես տեղյակ եմ, որ կան դատական հետապնդման անհրաժեշտության հարցեր, որոնք վերաբերում են առանձին դեպքերի ու անձանց, վստահ եմ, որ այդ մարդիկ, երբ ելնում էին քաղաքական պայքարի, իրենց ղեկավարների, իրենց համակիրների, իրենց կողմնակիցների մեջ հաշվարկել էին իրենց եւ կազմակերպչական, եւ ինտելեկտուալ, եւ նյութական պոտենցիալը, դատական գործընթացների միջոցով այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու իրենց հնարավորությունները: Երբ ես ասում եմ` դատական գործընթաց, ես նկատի ունեմ ընդհուպ մինչեւ եվրոպական դատարանների որոշումը ներառյալ:
Երբ դրանից հետո կառաջանա խնդիր օրենսդրության մեջ կատարելու որոշակի փոփոխություններ, որոնք պետք է էլ ավելի դյուրացնեն խնդիրների իրականացումը, ես հենց հիմա պարտաճանչորեն խոստանում եմ այդպիսի գործընթացներին ընթացք տալ:
-Ի՞նչ եք պատրաստվում նախաձեռնել ձեր գործընկեր Սասուն Միքայելյանին օգնելու, օժանդակելու առումով:
-Դա դատարանի գործն է եւ համոզված եմ, որ պարոն Միքայելյանը իր պաշտպանների, կողմնակիցների ու իր համախոհների հետ միասին ունի հնարավորություններ բոլոր մյուս ատյաններում, ներառյալ Ստրասբուրգի դատարանում հարցը առաջ մղելու համար: Երբ այդ դատական հնարավորությունները կսպառվեն, վստահ եմ, որ նրա կողմնակիցներն առաջ կքաշեն իրավական պաշտպանության այլ մեխանիզմներ:
-Տեղյա՞կ եք, որ մեկ շաբաթ առաջ բռնության էին ենթարկվել ցուցարար երիտասարդներ, անգամ անչափահասներ: Ոստիկանները դաժան ծեծի էին ենթարկել նրանց:
-Ես այդ ժամանակ Երեւանում չեմ եղել, եւ այդ պատճառով խնդրին անմիջականորեն տեղյակ չեմ, սակայն եկել եմ, հետաքրքրվել եմ ու հասկանում եմ: Ինձ դուր չի գալիս, դուր չի գալիս անչափահաս երեխաներին քաղաքական պայքարի մեջ ներքաշելու փորձերը, ես դրանք միանշանակ դատապարտում եմ, որովհետեւ անչափահասները պետք է զբաղվեն իրենց գործերով, լավ կլինի հաճախեն դպրոց եւ դաս սովորեն:
Ինչ վերաբերում է քաղաքական պայքարի դրսեւորումներին, ապա նորից եմ կրկնում` դատարանի միջոցով հետապնդել այս գործը նրանց սրբազան իրավունքն է, վստահ եմ, որ նրանք այդ իրավունքից օգտվելու են:
Զրուցեց Դիանա Մարկոսյանը