Շուտով կարձանագրենք վարակի ավելի քիչ դեպքեր, բայց չի բացառվում, որ այն կրկին բռնկվի․ փոխվարչապետ
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի տարածման դինամիկան ինչիպիսի՞ն է։
Ըստ պատգամավորի՝ մեկ շաբաթ առաջ փոխվարչապետը գրառում էր արել և նշել, որ վարակի տարածման գործակիցը հաջողվել է 2-ից ավել մակարդակից իջեցնել 1,4-ի։ Այսինքն՝ եթե նախկինում մեկ մարդը միջինում երկու մարդու էր վարակում, հիմա 1,4 է դարձել։ Այսօր ներկայացված տվյալով՝ վարակի տարածման գործակիցը 0,8-ից 0,9 է։
Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե պարետատան կանխատեսմամբ՝ 0-ից մինչև 0,5 միջակայքին ե՞րբ ենք հասնելու։ Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց, որ վերջին օրերից մեկի տվյալով՝ 11 դեպք էր արձանագրվել, և գործակիցը հասել էր նույնիսկ 0,7-ի, սակայն դրանից հետո հասարակությունը փոքր-ինչ հանգստության զգացողություն ունեցավ, և ազատ սկսեցին տեղաշարժվել։
«Հուսով ենք, որ մինչև ապրիլի 20-ը կկարողանանք էականորեն վարակի տարածման ինտենսիվությունը պահպանել 1-ից ցածր ցուցանիշի վրա։ Շուտով կսկսենք արձանագրել ավելի քիչ վարակման դեպքեր, քան նույն օրում բուժված դեպքերը։ Սա կնշանակի, որ մարում կլինի։ Սակայն, չի բացառվում, որ անզգույշ քայլերի արդյունքում վարակի տարածում բռնկվի։ Սա զգուշավոր կանխաատեսում է, և մենք հնարավորինս փուլ-փուլ, ու դանդաղ ենք գնալու ազատականացումներին»,- եզրափակեց փոխվարչապետը։