Տնտեսական աջակցության ծրագրերին ուղղված հայտերի 60 տոկոսը բավարարվել է, 40-ը՝ մերժվել. նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեկ ամսվա ընթացքում կառավարության տնտեսական աջակցության ծրագրերին ուղղված հայտերի 60 տոկոսը բավարարվել է, 40-ը՝ մերժվել, քանի որ տնտեսվարողների գործունեության ոլորտը չի համարվել կորոնավիրուսի հետևանքով առանձնացված թիրախային շրջանակ: Կառավարության մամուլի կենտրոնում այսօր հրավիրված ասուլիսում տեղեկատվությունը հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը բացառեց, որ չափորոշիչներին համապատասխանող կազմակերպությունը կարող է մերժվել:
«Կառավարությունն այս պարզեցված եղանակով հատկապես նպատակ ունի աջակցել այն կազմակերպություններին, որոնք ոլորտային առումով մեծ չափով են տուժել կորոնավիրուսի տարածման հետևանքով։ Եվ կան ոլորտներ, որտեղ դեռևս նախատեսված չէ այդպիսի աջակցություն, և մերժումները կարող են լինել այդ ոլորտներից։ Կամ մեկ այլ դեպքում՝ կազմակերպությանը թվում է, որ իր հարկային պատմությունը, ընդհանուր առմամբ, բավարար է եղել, բայց պարզվում է, որ նրա ժամկետանց հարկային պարտավորությունները 2019թ․ վերջի դրությամբ եղել են որոշակի շեմը գերազանցող չափով և այդ պատճառով չեն կարողացել դառնալ շահառու»։
Նախարարը տեղեկացրեց՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 1-ին միջոցառման շրջանակում մեկ ամսվա ընթացքում օգտվել են 284 կազմակերպություններ, ովքեր ստացել են ընդհանուր 24,6 միլիարդ դրամ վարկային գումար։
Երկրորդ միջոցառման շահառուների թիվը 6000-ից ավելին է, ընդ որում՝ շահառուներից 5500-ն այն անհատներն են կամ կազմակերպությունները, որոնք դիմել են մինչև 1 միլիոն դրամի վարկավորման համար։ Այս միջոցառումը վերաբերում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին, որոնց համաֆինանսավորման եղանակով գյուղատնտեսական վարկեր են տրամադրվելու:
Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ երրորդ ծրագրի շրջանակում, որը վերաբերում է ՓՄՁ–ներին, և նրանց վարկեր է տրամադրվում արտոնյալ պայմաններով, շահառու են հանդիսացել 549 կազմակերպություններ, որոնց տրամադրվել են 6.3 մլրդ դրամ արժեքով վարկային հայտեր։
Իսկ ինչ վերաբերում է հինգերորդ միջոցառմանը, որի նպատակը այն կազմակերպություններին խթանելն է, որոնք 3-րդ ամսվա դրությամբ շարունակում են պահպանել աշխատողներին և նրանց աշխատավարձը, այս ծրագրի շահառուներին արդեն իսկ 1.9 մլրդ դրամ է տրամադրվել ։
Այս ծրագրի շրջանակներում տնտեսվարողներին միանվագ դրամաշնորհ է տրամադրվում յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով։
Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ այսօր կամ վաղը ուժի մեջ կմտնի ևս մեկ որոշում, որը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք 2019թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել են չնչին գումարով ժամկետանց հարկային պարտավորություններ և այդ պատճառով չեն կարողացել դառնալ կառավարության իրականացրած միջոցառումների շահառու․
«Այդ փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո նրանք նույնպես կարող են որակվել որպես կառավարության աջակցության շահառուներ։ Մենք, իհարկե, դրա վերաբերյալ մանրամասներ կհրապարակենք անմիջապես այն բանից հետո, երբ որոշումն ուժի մեջ կմտնի»։
Ինչ վերաբերում է գյուղմթերքի իրացման խնդիրներին, նախարարն ասաց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել, բայց հենց այսօրվանից պոտենցիալ խնդիրերի շուրջ քնննարկումները սկսված են: