Ռադիոյի մարդիկ
Աջակցիր «Ա1+»-ինՌադիոյի նվիրյալները․ նրանք մարդիկ են, ում կյանքում երբեւիցե հանդիպած կարող է չլինեք, բայց գոնե մեկ անգամ լսել եք․ դա հաստատ: Այս մարդիկ իրենց կյանքը ռադիոյի հետ բազում թելերով են կապել, իսկ Ռադիոտունն էլ վաղուց դադարել է նրանց համար զուտ աշխատատեղ լինելուց:
«Հանրային Ռադիոն իմ երկրորդ տունը չէ, այն իմ տներից մեկն է, ու էստեղ ես գործընկերներ չունեմ՝ բոլորը իմ ընկերներն են: Սա իսկական մեծ ընտանիք է, որի հետ ես կիսում եմ իմ բոլոր ուրախություններն ու հաջողությունները,-ասում է ռադիոհաղորդավարուհի Լուսինե Մուրադյանը և հիշում՝ ինչպես 17 տարի առաջ հեռուստատեսությունից եկավ ռադիո,- Իմացա, որ առավոտյան ծրագրի հաղորդավար են փնտրում ու դիմեցի: Մեկ անգամ փորձնական ձայնագրվեցի ու միանգամից Արմեն Ամիրյանն ինձ ասում է վաղվանից ուղիղ եթեր, ո՞նց թե ուղիղ եթեր՝ հարցնում եմ ես ու էդպես մինչ օրս արդեն 17 տարի է՝ ես Ռադիոյում եմ»։
Բազմաթիվ ուղիղ եթերներից հետո Լուսինեն կատակում է, որ ինքը կես դրույքով նաև հոգեբան է աշխատում ռադիոլսողների համար, երբ զանգում են ու պատմում իրենց խնդիրների, հոգսերի մասին, ինքն էլ ինչով կարողանում օգնում է, պատասխանն էլ չի ուշանում։
«Մի Ալիսա տատիկ ունենք, ով իր տան համար մուրաբա փակելիս միշտ մեզ համար էլ է պատրաստում ու վրան գրում Լ.Տ (Լուսինե, Տիգրան), որ տանեցիները ձեռք չտան, կամ մեկ ուրիշը սահմանամերձ գյուղից գետնախնձոր էր հավաքել, հետո մարդ գտել, ուղարկել մեզ: Ու նման դեպքեր շատ են պատահել»,-պատմում է Լուսինեն:
Զավեշտալի դեպքեր նույնպես քիչ չեն, երբ անհարմար դրության մեջ դնողները հենց գործընկերներն են եղել. «Եղանակի տեսություն էի հաղորդում, երբ պատուհանից նայեցի տեսա՝ հնչյունային վահանակի մոտ մարդ չկա ու ստիպված ուղիղ 15 րոպե եղանակի տեսությունից խոսեցի, երևի ինչ գիտեի, չգիտեի ասացի, մինչև տեսա, որ վահանակի մոտ գործընկերս պարզապես թաքնվել է »,-հիշում է հաղորդավարուհին:
Լուսինեի հետ տաղավարում Տիգրան Հարությունյանն է, նրանք բացի հաղորդավարական լավ զույգ և լավ ընկերներ լինելուց, նաև հարևաններ են. ամեն օր առավոտյան աշխատանքի նույն մեքենայով են գալիս:
Իսկ այսօր նրանց համար կրկնակի տոն է. նշում են միանգամից և Ռադիոյի օրը, և Տիգրանի տարեդարձը.
«10-րդ դասարանից՝ արդեն 30 տարի, աշխատում եմ ռադիոյում և ամեն տարի տարեդարձս նշել եմ ուղիղ եթերում, սա միակ տարին է, որ ուղիղ եթերում չեմ, բայց նորից ռադիոյում եմ՝ ընկերներիս հետ: Եվ ես չեմ տարանջատում կյանքս և եթերային գործունեությունս, քանի որ դրանք երկուսն էլ նույն անկեղծությամբ են պարուրված».-ասում է Տիգրանը:
Նրա համար ռադիոն մոգական ազդեցություն ունի. ամեն ինչ ամփոփված է ձայնի մեջ։
«Հեռուստատեսության պարագայում այլ է. այստեղ դու կարող ես մարդկանց խաբել քո արտաքինով, շարժումներով, ժպիտով, իսկ ռադիոն միմիայն անկեղծություն է պահանջում»,- ասում է հաղորդավարը, որի հաղորդումը նաեւ առնցանց է հեռարձակվում եւ նրան փաստացի կարելի է «դիտել»։
Թեև նորագույն տեխնոլոգիաները զարգանում են մեծ թափով, այնուամենայինիվ, Տիգրան Հարությունյանի համոզմամբ՝ ռադիոն միշտ եղել է, կա ու կմնա իր բարձունքում։
1974թ.-ից մինչ օրս ինչեր ասես չեն եղել, իսկ Օֆելյա Ասատրյանը դրանց ականատեսն է: Արդեն կես դար աշխատում է Հանրային Ռադիոյում, հեղինակել և վարել է բազաթիվ հաղորդումներ, և ինչեր ասես չի տեսել։
Տիկին Օֆելյայի խոսքով՝ առանց Ռադիո ինքը թերուս կլիներ, և կյանքն էլ շատ բացեր կունենար:
«Հենց Ռադիոյում աշխատելիս էր, որ ծանոթացա մարդկանց դժբախտություններին ու ուրախություններին: Տարբեր խմբագրություններում եմ աշխատել, իսկ արվեստի և գրականության բաժնում գտա ինձ։ Ռադիոն մշտապես մշակութային կյանքի կենտրոն է եղել, իսկ մեր հաղորդումները կարդում էին ժամանակի ամենաճանաչված դերասանները»,- ասում է տիկին Օֆելյան:
Նրա համար Ռադիոն միայն հաղորդումները չեն, այլ այն բոլոր ընկերները, հանդիպումներ և միասին ապրած լավ պահերը.
«Իմ և Ռադիոյի կյանքը սերտաճած է, ես այստեղ եմ ամուսնացել, ամուսինս սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ էր, երեխաս Ռադիոտան հարեւանությամբ գտնվող դպրոցն է հաճախել ու մեծացել Ռադիոյում: Հիմա, չնայած շատ է փոխվել անձնակազմը, բայց ես․ ամեն անգամ Ռադիո մտնելիս, զգում եմ նախկին աշխատակիցերի ոգիները ու պատերից նրանց ձայնի արձագանքն եմ լսում»,-ասում է տիկին Օֆելյան:
Ըստ նրա՝ ռադիոն իր դերն ունի երկրի անկախացման գործընթացում։
«Խորհրդային տարիներին, երբ ամեն բան չէր, որ կարելի էր հեռարձակել, Ռադիոյում յուրատեսակ խիզախումներ էին լինում, բեմադրվում էին համարձակ ներկայացումներ, ու հետո երբ Շարժումը սկսվեց, պատահական չէր, դա ռադիոյով կրթված սերունդն էր»,-շարունակում է տիկին Օֆելյան:
Հանրային Ռադիոյի ավելի ավագ սերնդի ներկայացուցիչ է Կլարա Թերզյանը, թեև արդեն չի աշխատում, բայց աշխատանքային 50 բեղուն տարիները սիրով է հիշում ու մշտապես հետևում է սիրելի ռադիոյի աշխատանքին:
«Ես աշխատում էի սփյուռքի համար հեռարձակվող հաղորդումների բաժնում, մանավանդ այն ժամանակ ռադիոն սփյուռքը և Հայաստանը միավորող ոսկե կամուրջ էր: Օր էր լինում մինչև 60 նամակ էին մեզ ուղարկում, մի անգամ ունկնդիրներից մեկը իր երեխայի նկարն էր ուղարկել ու գրել, որ երեխան իրենց տան ամենամեծ ուրախությունն է և որ իրենք ուզում են կիսել այն մեզ հետ»,- պատմում է տիկին Կլարան:

Հակառակ ճնշումների՝ Կլարա Թերզյանը հիշում է, որ իրենք հաճախ էին «ոչ ցանկալի» նյութեր եթեր հեռարձակում, որոնց համար նաև տուժում էին, բայց մինչ այժմ ոչ մի վայրկյան չի փոշմանել, և հենց այդ հաղորդումներն էին, որ հիմք եղան նրա համար հրատարակելու քսան գիրք.
«Մի անգամ հեռարձակել էինք Շիրազի «Ո՞րն է, Բաբո» և «Քարը» բանաստեղծությունները, կենտկոմից ի՛նչ թունդ վիրավորանքներ եկավ մեր խմբագիր Վահան Արամունու հասեցեին, ո՛նց էին զայրացել, նա էլ էլ չդիմացավ վեր կացավ ասաց՝ հա ի՞նչ անենք, բաժնի վարիչի պահոցում էլ Շանթի «Հին Աստվածները» կա ու էսպես մի մեծ թատրոն սկսեց»,-հիշում է տիկին Կլարան ու այսօրվա Ռադիոն համարում անչափ բախտավոր, որ այն ազատ է:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ը ռադիոյի օրն է։ Ու եթե չլիներ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ապա մեծ շուքով կնշվեր այս օրը։