Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (1)
A A
Պաշտոնական

Աշակերտներին պետք է տրամադրել ամբողջական աջակցություն․ ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջագային ֆեդերացիան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուղեցույց են հրապարակել, որի նպատակն է՝ օգնել երեխաներին և դպրոցներին պաշպանվել ՔՈՎԻԴ-19-ը վարակից։ Ուղեցույցը կարևոր նկատառումներ և գործնականում կիրառվող ստուգաթերթեր է ներառում դպրոցներն անվտանգ պահելու համար։ Այն նաև խորհուրդներ է տրամադրում ազգային և տեղական իշխանություններին առ այն, թե ինչպես կրթական հաստատություններում հարմարեցնել և իրականացնել արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր։ 
 
Դպրոցների փակ լինելու պարագայում ուղեցույցը առաջարկություններ է տալիս այն մասին, թե ինչպես մեղմել հնարավոր բացասական ազդեցությունը երեխաների կրթության և բարեկեցության վրա։ Սա նշանակում է կայուն ծրագրերի առկայություն, որոնք կապահովեն ուսուցման շարունակականությունը, այդ թվում` հեռավար ուսուցման տարբերակներով, օրինակ՝ առցանց կամ հեռուստա և ռադիոհեռարձակումների տեսքով։ Սա նաև նշանակում է հիմնական ծառայությունների հասանելիություն բոլոր երեխաների համար։ Այս ծրագրերը պետք է ներառեն նաև անհրաժեշտ քայլեր դպրոցների անվտանգ վերաբացման համար։
 
Այն դեպքերում, երբ դպրոցները շարունակում են գործել, և որպեսզի երեխաները և իրենց ընտանիքները պաշտպանված և տեղեկացված լինեն, ուղեցույցը կոչ է անում՝

  • երեխաներին տեղեկատվություն տրամադրել վարակից պաշտպանվելու միջոցների մասին,
  • խրախուսել լվանալ ձեռքերը և պահպանել անձնական հիգիենան, ինչպես նաև՝ ապահովել կրթական հաստատությունները հիգիենայի պարագաներով,
  • մաքրել և ախտահանել դպրոցները, հատկապես՝ սանհանգույցները, ինչպես նաև՝
  • բարելավել օդափոխությունը:

Անկախ այն հանգամանքից գործում են, թե հեռավար ուսուցում իրականացնում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է դպրոցներին՝ աշակերտներին տրամադրել ամբողջական աջակցություն, որը ներառում է հոգեբանական աջակցություն ևս։ Ուղեցույցը տրամադրում է նաև օգտակար խորհուրդներ և ստուգաթերթեր ծնողների, խնամակալների, ինչպես նաև՝ հենց իրենց՝ աշակերտների համար։
 
Հայաստանում դպրոցների վերաբացումից հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ աջակցելու է կրթական այս հաստատությունների ախտահանման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև՝ տրամադրելու է հիգիենայի անհրաժեշտ պարագաներ ու տեղեկատվական պաստառներ: