Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

6 պատգամավոր պիտի մանդատը վայր դնի․ ովքե՞ր են նրանք․ «Իմ քայլը» սպասում է ԼՀԿ-ի արձագանքին (տեսանյութ)

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, ինչպես իրենք փորձում են պնդել պարբերաբար՝ հայտարարություններով։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս ղեկավարի, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է։ Ինձ համար զարմանալի է, որ խմբակցության ղեկավարը կարող է կոնֆլիկտներ գեներացնողի դերում հանդես գալ»։

ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Ըստ նրա՝ ի տարբերություն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, ինքն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երբեք իրենց թույլ չեն տվել ԱԺ-ում կրքերը բորբոքել, այլ հակառակը՝ հաշտեցնողի դիրքերից են հանդես եկել։

«Վերահաստատելով, որ կոնֆլիկտն ունի երկու կողմ, մենք գտնում ենք, որ այո՛, այս ամենը հարթելու և թույլ չտալու համար, որ հետագայում նման դեպքեր կրկնվեն, թույլ չտալու համար այնպիսի մթնոլորտի գեներացումը, որն անում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ի դեմս ղեկավար Էդմոն Մարուքյանի, պետք է ունենա քաղաքական հետևանք, որի մասին այս ամբիոնից այսօր խոսեց Սասուն Միքայելյանը։ Նա պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր դնի նաև Էդմոն Մարուքյանը։

Ավելին՝ իրենց մանդատները կարող են վայր դնել նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, պայմանով եթե մանդատը վայր կդնեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը․ սա է մեր դիրքորոշումը, արդարությունը և սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա, եթե իհարկե, այն մարդիկ, ովքեր հայտարարում և խոսում են արժեքներից, իսկապես այդ արժեքների կրողն են»,- նշեց Լիլիթ Մակունցը, հավելելով, որ սպասում են «Լուսավոր Հայաստանի» պատասխանին։