Սա կոնկրետ անձին ոչնչացնելու սպառնալիք է. Խառատյանը՝ իր հասցեին հնչող հայտարարությունների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրության ուշադրության կենտրոնում այս օրերին ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ու իր ընտանիքի անդամներն են: Նրանց հասցեին ուղղվում են սպառնալիքներ, նաև քաջալերանքի ու սատարումի խոսքեր:
Մասնավորապես՝ ֆեյսբուքի օգտատեր, «Վետո» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն իր էջում վերջնագիր է ներկայացրել, որտեղ մի քանի այլ պահանջների շարքում պնդում է, որ Հրանուշ Խառատյանը պետք է հրաժարական տա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդից, նշված ժամկետում իր պահանջը չկատարելու պարագայում, Մալյանը գրում է.
«Իմ հետագա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը մնում է փողով թուրք ներողների, ցեղասպանության զոհերի արյունը թուրքերին վաճառողների վրա: Նեղանալ չլինի, մերումանուկ եմ անելու առանց խղճի խայթի»:
Այս հայտարարության վերաբերյալ Խառատյանը դիմել է Գլխավոր դատախազություն և Ազգային անվտանգության ծառայություն՝ պնդելով, որ հայտարարության մեջ կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա:
Արդեն «Ա1+»-ի հետ զրույցում ազգագրագետը մտավախություն է հայտնում, որ սրանով մեր հանրության մեջ քաոսի և տագնապի մթնոլորտը խտանում է և փորձ է արվում հանրային ուշադրությունը գլոբալ խնդիրներից մասնավորի վրա շեղելու.
«Վերցնել ու հայտարարել, որ մենք ունենք մեր երկրում թուրքական գործակալ և ահա այս անձն է, մարդկանց ամենազգայուն ներքին տագնապները բարձրացնելու միջոց է դարձել»:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի պնդումներին, թե Հրանուշ Խառատյանը և ինստիտուտի ներկայիս տնօրեն Հարություն Մարությանը խոշոր դրամաշնորհի դիմաց թանգարան-ինստիտուտի ֆոնդային կառուցվածքը վերաձևում են, Խառատյանն արձագանքեց.
«Սա հաղորդում է հանցագործության մասին, ես շատ կուզեի, որ սրանով նույնպես իրավապահները զբաղվեին»:
Դեմոյանը նաև պնդել է, որ ինստիտուտի ներկայիս տնօրենի նշանակումը տեղի է ունեցել Հրանուշ Խառատյանի և նրա որդու՝ Արսեն Խառատյանի անմիջական մասնակցությամբ և կոռուպցիոն գործարքներով: Ազգագրագետը պնդեց, որ որևէ առնչություն չի ունեցել հիմնադրամի տնօրենի նշանակման գործում:
Իսկ հայտարարության և դրդապատճառների վերաբերյալ ասաց՝ Դեմոյանի մեջ վաղուցվա խնդիր կա.
«Դեռ ուսանողական տարիներից խնդիր կա, դրան 6 մարդ է տեղյակ, և պարոն Դեմոյանը գիտի: Այդ 6 մարդը գտան, որ նա չի կարող ազգագրության գծով գիտութան մեջ մտել: Ես այդ ժամանակ ազգրության ամբիոնի վարիչ էի և պարոն Հայկ Դեմոյանը այն ժամանակից դեռ ներքին կոնֆլիկտ ուներ»:
Ինչ վերբերում է Դեմոյանից հրապարակային հերքում պահանջելուն, Խառատյանը նշեց, որ դատի տալ չի պատրաստվում.
«Արատավոր երևույթի հետ հարաբերվելը ձեզ էլ է արտավորում»:
Այնուամենայնիվ՝ կարծում է՝ իր և ընտանիքի նկատմամբ ուղղորդված արշավ կա.
«Օրենքը, իրավունքը, ինստիտուները թող որոշեն դավաճանության-չդավաճանության, վաստակի-չվաստակի, կեղծիքի և իրականության դրսևորումները»:
Ազգագրագետի պնդմամբ՝ իր հասցեին հնչող հայտարարությունները կոնկրետ անձին ոչնչացնելու սպառնալիք են: