Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լիահույս ենք, որ ԼՀԿ-ն հետևություններ կանի, և մեր աշխատանքները կվերադառնան բովանդակային փուլ․ Մակունց (տեսանյութ)

Սասուն Միքայելյանի՝ նախօրդ օրվա ելույթը, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, սպառնալիք չէր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին։

Նշենք, որ երեկ ԱԺ-ում Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ եթե Էդմոն Մարուքյանի եղբայրը ներողություն չխնդրի, լավ չի լինելու։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի եղբայրը, ըստ պարոն Միքայելյանի, Ֆեյսբուքում իրեն հայհոյել էր։

«Ես դա ընկալել եմ բարոյական դաշտում, որ ներողություն չխնդրելը լավ չի անդրադառնալու թե՛ պարոն Մարուքյանի, թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակության վրա»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Իշխող ուժի ղեկավարը ընդդիմադիր խմբակցության ղեկավարին կոչ արեց վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ։

«Մենք լիահույս ենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույնպես կանի հետևություններ, թեկուզ ոչ հանրային, և մեր աշխատանքները կվերադառնան բովանդակային փուլ»,- ընդգծեց նա։

Իշխող ուժի ղեկավարից հետաքրքրվեցին նաև, թե չե՞ն կարծում, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացը տապալված է, ինչի մասին այսօր հայտարարել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ի պատասխան Լիլիթ Մակունցը բացասական պատասխան տվեց։

«Մենք կարծում ենք, որ շատ հարցերում ճիշտ կլիներ մի փոքր ավելի արագ գործել։ Մենք չենք գնահատում, որ ամեն ինչ կատարյալ է մեր գործողություններում, բայց ձգտում ենք, որպեսզի անենք առավելագույնը, որպեսզի համապարփակ անդրադառնանք դատաիրավական բաեփոխումներին»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։