Տրանսպորտը կաշխատի, դիմակ կրելն էլ պարտադիր կդառնա․ Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում է արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 13-ը 17:00 երկարացնելու մասին Կառավարության արդեն ուժի մեջ մտած որոշման քննարկումը:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մարտից մինչ օրս հաստատված դեպքերի դինամիկայից տեսանելի է, որ մարտ-ապրիլ ամիսներին, երբ տարբեր խստությամբ կիրառվում էին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, արձանագրվել է հարաբերականորեն հարթ դինամիկա:
Պարետի պնդմամբ՝ մայիսի սկզբի դեպքերի կտրուկ աճը պայմանավորված է սահմանափակումների թուլացմամբ և թեստավորման ավելացմամբ:
«Վարակի վերարտադրման գործակիցը մայիսի 5-ի դրությամբ 1.48 է, այն մնացել է նույն սահմանաչափի վրա: Վարակի տարածման ինտենսիվությունը հնարավոր է լինում մարել այն դեպքում, երբ գործակիցը փոքր է լինում մեկից»:
Ավինյանը պարզաբանեց՝ սահմանափակումների փուլային տարբերակով թուլացումները պայմանավորած էին առողջապահական համակարգի պատրաստվածությամբ և օրեցօր աճող սոցիալ-տնտեսական խնդիրներով:
Ավինյանն ասաց՝ մուտք ենք գործում կորոնավիրուսի դեմ պայքարի 4-րդ փուլ:
Մայիսի 18-ից ամբողջությամբ կգործի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը և այլն:
Կվերաբացվեն նաև նախակրթարանները:
Վերջիններս կգործեն հատուկ կանոններով, որոնց չկիրառումը կհանգեցնի տույժերի և տուգանքների:
Մայիսի 25-ից դիմակների կրումը կդառնա պարտադիր հանրային բաց և փակ վայրերում, դիմակ չկրողները կտուգանվեն ոստիկանության կողմից: Դիմակները կարող են լինել նաև տնային պայմաններում պատրաստված:
Պարետը հայտնեց, որ այսօր Չինաստանից 3-րդ թռիչքն է իրականացվում, որով կրկին բերվելու են սարքավորումներ և թեստերի արտադրության համար ռեագենտների վերջին խմբաքանակը: