Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Չի պահանջվելու դիմակ, եթե, օրինակ, պաղպաղակ ես ուտում». Ավինյան (տեսանյութ)

«Բիզնեսի աջակցության նոր ծրագրեր և գործիքներ կլինեն»,-այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում արտակարգ դրության ռեժիմի որոշման քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հարցադրմանը, թե բավարա՞ր են արդյոք տնտեսական աջացության ծրագրերը և դրանց համար հատկացված գումարը:

Ավինյանը հավելեց, որ եթե աջակցության  ծրագրերը լինեին բավարար, շարունակաբար նոր ծրագրեր չէին ընդունի:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցը վերաբերում էր բացօթյա տարածքներում դիմակների կրմանը: Պատգամավորը խնդրեց հստակեցնել՝ ինչ ասել է հանրային բաց տարածքներում դիմակներ կրելու պահանջը:

Ավինյանը պարզաբանեց, որ եթե մարդը տնից դուրս է գալիս և որևէ փակ տարածքում պետք է հայտնվի, դրա համար, ելնելով նաև այլ երկրների դրական փորձից, դիմակների կրումը դարձրել են համատարած:

Ավինյանը կատակեց. «Չի պահանջվելու դիմակ, եթե, օրինակ, պաղպաղակ ես ուտում»:

Ինչ վերաբերում է նախակրթարանների աշխատանքին, պարետը կոչ արեց՝ հնարավորության դեպքում երեխաներին նախակրթարաններ չտանել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու ֆիզիկական անձը դրսում կանոնները չպահելու պարագայում, Ավինյանը նշեց, որ պատժի բոլոր տեսակները հստակեցված են, դրանք են տուգանքի սահմանումից մինչև քրեական պատասխանատվություն:

Հավելեց, որ ամեն օր տասնյակ տնտեսվարողների գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է կանոնները չպահելու պատճառով, այնուամենայնիվ՝ ամենօրյա աշխատանքով մարդկանց փորձում են բացատրել, թե ինչ վտանգների կարող է հանգեցնել կանոնների չպահպանումը:

Նա չբացառեց, որ կանոնների չպահպանման դեպքում մահերի թիվը կարող է եռապատկվել:

Իգիթյանը հետաքրքրվեց նաև, թե Խորհրդարանը և՞ս պետք է հետևի կանոններին, թե կան բացառություններ, պարետը հակադարձեց, որ բացառությունների մասին պետք չէ խոսել, քանի որ նույն Խորհրդարանում և Կառավարությունում վարակի տարածումը տեղի է ունեցել. 

«Այս փուլում  էս հավաքը ամենառիսկային բանն է, որ տեղի է ունենում ՀՀ-ում, այնուամենայնիվ՝ այս հավաքը տեղի է ունենում, որովհետև այլընտրանք չկա»:

Ուստի Պարետը ԱԺ-ի և Կառավարության գործընկերներին հորդորեց առավել զգոն լինել և հանրության համար որպես օրինակ ծառայել: