Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որտե՞ղ է թերացել Պարետը․ վարչապետի գնահատականը (տեսանյութ)

Ո՞րն է ամենամեծ դժգոհությունը պարետատան աշխատանքից, որտե՞ղ է ավելի շատ թերացել երկրի Պարետը․ իրեն ուղղված այս հարցին ի պատասխան՝ վարպետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պարետատունը շատ բարդ և ճգնաժամի պայմաններում է աշխատում, և ամենակարևորն է, որ ճգնաժամը մնում է կառավարելի։

Նա պնդեց՝ պարետատանը հաջողվել է հանրության վերաբերմունքը փոխել վիրուսի նկատմամբ:

«Մեր հիվանդների 70 տոկոսից ավելին ասիմպտոմ են, մենք այսօր ծանր վիճակում ընդամենը 33 հիվանդ ունենք։  Ընդհանուր առմամբ՝ այս տարվա ապրիլին մեր երկրում մահացությունը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ»:

Վարչապետը չբացառեց, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է վերահսկողությունից  դուրս գալ:

Նիկոլ Փաշինյանին դիմակներ կրելու և մինչ այս հնչած հակասական հայտարարությունների վերաբերյալ մեկ այլ հարց հնչեց․ լրագրողի դիտարկմանը, թե  ըստ նախկին հորդորների՝ դիմակ կրել անհրաժեշտ էր միայն հիվանդների և հիվանդներին խնամողների դեպքում, մինչդեռ այսօր վարչապետը և Առողջապահության նախարարը պնդում են , որ պետք է դիմակներ կրեն բոլորը, վարչապետը նախ  ասաց, որ կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր ամբողջ աշխարհի գիտելիքները վիրուսի և դրա դեմ պայքարի վերաբերյալ անընդհատ թարմանում և փոխվում են.

«Հարց. կորոնավիրուսի պայմաններում ո՞վ է առողջ մարդ, ո՞վ գիտի՝ ինքը առողջ է, թե առողջ չէ: Այս վիրուսի ամբողջ տրամաբանությունը և նենգությունը հենց դրա մեջ է, որովհետև դեպքերի 70 տոկոսն ասիմպտոմ է»: 

Վարչապետը հայտարեց, որ այս հարցի վերաբերյալ ակադեմիկոսները վիճում են, բայց հստակ է, որ խոսքը ոչ թե չվարակվելու, այլ չվարակելու մասին է:

«Դիմակի հարցի ենթատեքստն էն էր, որ դիմակի գործ ենք դրել, հիմա մեր քաղաքացիներին վաճառում ենք, հա՞»,- նշեց նա։