Կա շանս, որ այս դիմակը կարող է օգնել, փրկել մարդու կյանքը. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Յուրաքանչյուր հնարամիտ մարդ անվերջ կարող է հնարել, մտածել իրավիճակ, թե ինչպես կարող է խուսափել պատժվելուց», - Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով կառավարության առաջարկած օրինագծի վերաբերյալ քննարկումներին։
ԱԺ խոսնակն ասաց, որ կառավարությունը տուգանքներ է սահմանում քաղաքացիներին պաշտպանելու համար։
«Աշխարհում 100 տոկոսանոց պատասխան չկա. դիմակն օգնու՞մ է, թե՞ չէ։ Երկուշաբթի օրերն առողջապահական կազմակերպությունները, այդ թվում՝ Համաշխարհային, ասում են, որ «օգնում է դիմակը» , երեքշաբթի օրերն ասում են՝ «չէ, ոնց որ չի օգնում», բայց հետո չորեքշաբթի օրերն ասում են, «բայց ...»։ Ոչ մեկ չգիտի աշխարհում, ժողովո՛ւրդ, բայց փաստ է, որ կա շանս, որ այս դիմակը կարող է օգնել, փրկել մարդու կյանքը», - շարունակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Միրզոյանը բնակչությանը կոչ արեց կրել դիմակ։ Ըստ ԱԺ նախագահի՝ կառավարությունը պետք է ունենա գործիքներ, որպեսզի արտակարգ դրության պայմաններում հանրային առողջության ոլորտի պահանջներն իրագործվեն։
«Ինձ համար ակնհայտ էր առաջին իսկ վայրկյանից, որ սա վկայում է այն մասին, որ կառավարությունն ունի մտադրություն սկսել լայնորեն կիրառել այս պատիժը, որովհետև նախկինում շատ էպիզոդիկ էր, դիպվածային էր», - նշեց նա։
Հիշեցնենք, որ կառավարությունը նախագծով առաջարկում է բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում 100-250 հազար դրամ պատժաչափի փոխարեն սահմանել 10 հազար ՀՀ դրամը։
Նշենք նաեւ, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։
Մանրամասները՝ տեսանյութում