Ինչպես են աշխատել դատարանները՝ արտակարգ դրության պայմաններում․ ՀՔԱՎ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ բոլոր դատարաններն ունեն հեռավար նիստեր անցկացնելու տեսաձայնային սարքավորումներ։ Մայիսի 8-ի դրությամբ 30 դահլիճ է կահավորված եղել այդ սարքավորումներով։ Բայց թե քանի նիստ և որ տեսակի գործերով են հեռավար անցկացվել, հայտնի չէ։ Հայտնի չէ նաև, թե ինչ սկզբունքով են ընտրվում՝ որ գործով հեռավար անցկացնել նիստը, որ գործով՝ ոչ։ Իսկ բոլոր նիստերը հեռավար անցկացնելու հարց չի էլ քննարկվել։
Այս տեղեկատվությունը ՀՔԱՎ-ին փոխանցել են ՀՀ դատական դեպարտամենտից։
Բարձրագույն դատական խորհուրդը 2020 թ․-ի մարտի 25-ին հայտարարեց, որ ՀՀ բոլոր դատարաններում առվազն մեկ նիստերի դահլիճ կահավորված է տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով, և հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է։
Հայտարարությունից մեկ ամիս անց ՀՔԱՎ-ը հարցում ուղարկեց ԲԴԽ նախագահին՝ պարզելու, թե արդյոք ՀՀ բոլոր դատարաններն են կահավորվել անհրաժեշտ սարքավորումներով, ընդհանուր առմամբ քանի դահլիճ ունի այդ սարքերը, քանի նիստ է անցկացվել այդ ընթացքում հեռավար եղանակով, որ տեսակի գործերն են քննվում հեռավար, ինչ սկզբունքով են ընտրվում հեռավար քննության ենթակա գործերը և ինչ քայլերն են ձեռնարկվում բոլոր դատական գործերը հեռավար անցկացնելու համար։
Հարցմանը 2020 թ․ մայիսի 8-ին պատասխանել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Նա տեղեկացրել է, որ տեսաձայնային սարքավորումներ ունեն ՀՀ բոլոր դատարանները, ընդհանուր թվով՝ 30 դահլիճ, ինչի համար ծախսվել է 45,200,000 ՀՀ դրամ։ Կ․ Փոլադյանի փոխանցմամբ՝ հեռավար անցկացված նիստերի հաշվառում չի արվել, հստակ չէ նաև, թե ինչ սկզբունքով են ընտրվում՝ որ գործերն են ենթակա հեռավար քննվելու։
Դատական դեպարտամենտը չի քննարկել նաև բոլոր գործերը հեռավար քննելու հարցը։
Ի դեպ՝ չնայած նույն հայտարարության մեջ ԲԴԽ-ը նշել էր, որ դատարանների հետ փաստաթղթաշրջանառությունն էլ կարող է վարվել հեռավար՝ էլփոստերի միջոցով, դա ամրագրված է նաև օրենքով, բայց ՀՔԱՎ-ի գործերից մեկով հայցվորի դիմումը՝ նիստը նրա բացակայությամբ անցկացնելու մասին, Վարչական դատարանը հրաժարվել էր ընդունել էլեկտրոնային տարբերակով։
Այլ մանրամասներ՝ ԱՅՍՏԵՂ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ