Բացել լրահոսը Փակել լրահոսը
received_3123513604381884
A A
Հասարակություն Ի դեպ

Բժշկի գնալուց հետո պաղպաղակի փայտիկներն այլեւս աղբաման չեն նետում

Կորոնավիրուսի վերաբերյալ բոլոր միֆերը հօդս են ցնդում, երբ ընտանիքի անդամներից մեկը թեստ է  հանձնում։ Պատասխանին սպասումը  թեստ չհանձնողների մոտ անգամ այնպիսի զգացողություն է ծնում, որ սկսում են հիշել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հայտնի ու անհայտ  բոլոր ախտանիշներն  անհանգստությամբ՝ կարո՞ղ է ես էլ։

Սա մի պատառիկ է 20-ամյա ուսանողուհու օրագրից։   Աղջիկը,որը բնակվում է Արմավիրի  մարզի գյուղերից մեկում, ներկայացնում է իր զգացողությունները, երբ ընտանիքի անդամները մեկը մյուսի ետեւից հիվանդացել են․

« Տան ամենափոքրը տևական ժամանակ ջերմում էր, երեխային համայնքային բժշկի մոտ տարանք՝ հասկանալու՝ հո՞ լուրջ բան չկա։ Բժիշկը   կոկորդը ստուգելու փայտիկ չուներ, թոքերը լսեց, դեղեր նշանակեց հազի համար։

 Եղբորս 1,5 –ամյա որդին, որը  թոքաբորբ  էր ընկել,  բուժվեց, հետո հերթով  բարձր ջերմությամբ անկողին ընկան մյուսները։

Երբ  նույն ախտանշաններով հիվանդանոցում հայտնվեց ութ հոգանոց  մեր ընտանիքի երկրորդ անդամը, ու նրան կորոնավիրուսի թեստ արեցին, ավելի անհանգստացանք,  ու փորձեցինք հարմարվել մտքին, թե  առաջին վարակակիրներն ենք լինելու գյուղում։

Ծանոթներին ու բարեկամներին իրենց առօրյայից կտրելու մտավախությունն ու  անսովոր մի վիճակի մեջ գցելը հանգիստ չէր տալիս, մինչեւ չեկավ թեստի պատասխանը՝ բացասական։

Տատիկը հույսով ասաց․ «էդ լավ է, չէ՞, որ բացասական է, ուրեմն՝ արդեն առողջացանք», մայրիկը խորը շունչ քաշեց, հայրիկն էլ խնամքով  թաքցրեց անհանգստությունը․ «Ինչի՞ դրական պետք է լիներ»։ 

Կորոնավիրուսը, բարեբախտաբար, շրջանցեց մեր ընտանիքը, որտեղ կան խոցելի խմբերի ներկայացուցիչներ։

 Բայց․․․ վերադարձրեց վաղուց մոռացված  հուշը։  Տարիներ առաջ պաղպաղակի փայտիկներ էինք հավաքում՝ Ամանորին տոնածառը զարդարելու համար։  Երկու ամիս է՝ մեծից փոքր  առանց երկար մտածելու   պաղպաղակի փայտիկներ  ենք հավաքում, բայց արդեն   այն բժշկի համար, որը  մեր տան ամանափոքրիկի կոկորդը  ստուգելու համար փայտիկ չուներ։ 

Ափսոսում ենք  փայտիկները աղբամանը նետել»։

Այս գյուղում կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել։