Կորոնավիրուսային այս օրերին արյան պահանջները ավելացել են, դոնորների հոսքը՝ նվազել․Արյունաբանական կենտրոնի տնօրեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Աշխարհում բնակվող ամեն երրորդ մարդն իր կյանքում անպայման մեկ կամ բազմաթիվ անգամներ կարիք է ունենում արյան փոխներարկման»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսային այս օրերին արյան պահանջներն ավելացել են, դոնորների հոսքը` նվազել, ինչը կենտրոնին բավականին ծանր վիճակում է դրել, թեև տնօրենը վստահեցնում է՝ մինչ այսօր բոլոր այն մարդիկ, ովքեր արյան կարիք են ունեցել, ստացել են։
Արյունաբանական կենտրոնի տնօրենը նշում է, որ ամենահաճախ անհրաժեշտ է լինում արյան երկրորդ դրական խումբը, բայց կարիք է լինում նաև երրորդ բացասականի, չորրոդ բացասականի։
Դանիելյանի պնդմամբ՝արյուն հանձնելը դոնորի առողջության համար ռիսկային չէ, ուստի հորդորում է մարդկանց պարբերաբար հանձնել արյուն և օգնել դրա կարիքը ունեցող մարդկանց։
«Մենք ունենք այլևս արյան դոնորների ռեեստր, առաջին անգամ Հայաստանում մաքսիմալ անվտանգ արյուն ենք ապահովում մեր հիվանդներին»։
Հանրապետությունում սփռված են արյան հինգ կայաններ, Դանիելյանն ասում է՝ Կառավարության որոշմամբ առաջիկայում միանալու են Արյունաբանական կենտրոնին, և մոտ 1,5 ամիս անց միացման պրոցեսը կավարտվի․
«Բոլոր արյունները, որոնք պիտի շրջանառվեն Հայաստանում, ունիֆիկացված հետազոտումներով կարվեն, միաժամանակ հավասար ապահովություն կտան բոլոր հիվանդներին»։
Հետաքրքրվեցինք՝ այս օրերին արյան դոնորները ենթարկվո՞ւմ են կորոնավիրուսային հետազոտության, տնօրենը նշեց, որ եթե ախտանիշներ չունեն, չեն թեստավորվում, թեև մինչև արյուն հանձնելը մանրամասն հետազոտվում են, հանձնված արյունը նույնպես մանրամասն հետազոտվում է մինչև հիվանդին հասնելը։
Նշենք, որ հունիսի 14-ը դոնորների համաշխարհային օրն էր։ Այս առիթով երեկ և այսօր Արյունաբանական կենտրոնը կազմակերպել էր արյունատվության ակցիա։