Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սեւանում գիշերը մեքենա է այրվել (տեսանյութ)

Սեւանի բնակիչ Արտակ Տեր-Գրիգորյանի մեքենան  2013 թ արտադրության «Տոյոտա Քեմրի» ամբողջությամբ այրվել է։    Նա կասկածներ ունի,որ սա կապված է իր՝ Սեւանի քաղաքապետարանի աշխատանքից դժգոհության եւ անհամաձայնության հետ։

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ 2018 թվականին մայիսի 23-ին ընտանիքով տեղափոխվել է Սևան մշտական բնակության։  Այդ ժամանակից էլ, ըստ նրա, ամեն ինչ սկսվել է։

«Սևանում՝ դպրոց տանող ճանապարհին հետիոտնային անցում կա Նաիրյան փողոցի վրա, վտանգավոր տեղ է, քաղաքապետին տեսա, խնդրեցի, որ արհեստական անհարթություն տեղադրեն։ Չդրեցին այնքան, մինչև որ 2019 թվականի փետրվարի 4-ին կինս (Լիլիթ Մանուկյան – հեղ.) և երեխան ընկան մեքենայի տակ դպրոցից վերադառնալիս, ծանր վնասվածքներ (կողոսկրի կոտրվածք, թոքերի վնասվածք, ճակատի վնասվածք,  և այլն) ստացավ կինս, երեխես թեթև՝ վնասվածքներ, կողքով կպավ մեքենան։ Բազմիցս էլի դիմեցի, էլի չտեղադրեցին, մի երեխու էլ խփեցին մեքենայով։ Սրանից հետո նորից դիմեցի, չդրեցին, մինչև կանայք հավաքվեցին, խնդրեցին, ճանապարհի երկու կողմից կես-կես դրեցին,ավելի վթարային դարձավ ճանապարհը»,- պատմեց նա՝  պնդելով, թե  վերջերս էլ է այս հարցով դիմել։

Մեկ այլ խնդիր էլ ծագել է այլ հարցով։

«10 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր էի կազմել, Սևանի համար տարի 1 միլիոն դոլարի նվիրատվություն պետք է անեին նվիրատուները որպես սոցպրոեկտ։ Դրա վերաբերյալ էլ եկա-մտա քաղաքապետի մոտ, բարձրաձայնեցի, ոչ մի արձագանք, ոչ մի ուղղություն ցույց տալ (ճիշտ է իր պարտականությունը չէր), ոչ մի բան։ Գնացինք բիզնես-ֆորում, չկարողացանք, ծրագրի մասին բոլոր տեսաուղերձներն իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել եմ։ Էս քանի օրվա իմ պայքարը դրա մեջ է եղել։ ՊՎԾ-ն ստուգեց, զանգեցին Մոսկվա ներդրողների հետ խոսեցին, ամեն ճշտեցին, որ ամենը ճիշտ է, ճշմարտություն է, չեն կարողացել կառավարությանը տեսնել արձագանք ստանալու համար, սակայն հետագայում ոչինչ չեղավ։ Այդ մասին ճանապարհի խնդրի հետ միասին նաև պրոեկտի մասին խոսեցի, ասեցի, որ ընթացք տանք, այստեղ ո՛չ երաժշտական դպրոց, ո՛չ սպորտ-դպրոց կա, ոչ մի բան գոյություն չունի։ Երեկ էլ մարզպետարան գնացի, նույնիսկ իմ պրոեկտը մարզպետարան չեն ներկայացրել, մարզպետը տեղյակ չի եղել։ Վերջը եկա այդ նույնը տեսաուղերձով տեղադրեցի, ու այսօր գիշերը ժամը 4-ին հաանները դուռը «ջարդում եմ», հելնում-տեսնում եմ, որ ավտոն վառվում է»,- պատմեց նա։

«Ա1+»-ը  դիմեց նաեւ Սեւանի համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին։

«Ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները բոլոր հարցերի պատասխանները կտան»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Արտակ Տեր-Գրիգորյանը մեզ հայտնել է որ կոնֆլիկտ եղել իրենց միջև, համայնքապետը պատասխանեց. «Չանդրադառնամ բամբասանքների, նա չի կարող մեզ հետ կոնֆլիկտ ունենալ, մնացած հարցերի պատասխանները, կարծում եմ, իրավապահ մարմինները կտան»։

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ ահազանգ ստացել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից« ՏոյոտաՔեմրի» ավտոմեքենայի այրվելու հետ կապված։ «Հրդեհը մարվել ժամը 4։40-ին, վնասի չափը պարզվում է։Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, և այս դեպքի մասով նյութեր են նախապատրաստվում»,- եզրափակեց Ոստիկանության աշխատակիցը։

Լուսանակերները եւ տեսանյութը տրամադրել է  Արտակ Տեր-Գրիգորյանը։