Ես փողոցից չեմ եկել այս շենք․ Ֆելիքս Թոխյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես փողոցից չեմ եկել էս շենք։ Էս շենք ես 97-ին եմ եկել՝ ԱԺ ընտրությամբ։ 2005-ին իմ ժողովուրդը հաստատել է՝ որ Թոխյա՛ն, դու կարող ես շարունակել էն նույն պայմանով, ինչով 97 թվին քեզ նշանակել են, իսկ պայմանը պարզ է եղել՝ բոլորս մինչև 70 տարի։ 2015-ին ժողովուրդը նորից եկել, հանրաքվեով նույն պայմանը հաստատել է»։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ՍԴ-ին առնչվող օրենքի ընդունմանը։
Ըստ Թոխյանի՝ լավագույն տարբերակը հանրաքվեով հարցի լուծումն էր, ինչը հնարավոր էր իրականացնել։ ՍԴ անդամի հասկանալի չէ՝ ինչ հրատապ հարց է լուծում քաղաքական իշխանությունը, որ մեկ օրվա մեջ Սահմանադրություն է փոխում․
«Չի կարելի իրիկունը քնել, առավոտ զարթնել, ասել՝ դու էլ դատավոր չես»։
Նաև պնդում է, որ առանց ՍԴ եզրակացության հարցը հանրաքվեի չէր կարող դրվել։
Ինչ վերաբերում է երեկ ընդունված օրինագծին, որը ըստ ԱԺ-ի չի ուղարկվելու ՍԴ եզրակացության, ՍԴ անդամն ասում է՝ Վենետիկի հանձնաժողովն էլ է արձանագրել, որ շահերի բախման խնդիր չկա, և հորդորել են ՍԴ-ին, որ հարցը քննեն մաքսիմալ օբյեկտիվ։
Վստահեցրեց, որ բոլոր իրավական միջոցներով պայքարելու են որևէ խախտման դեմ․ «Կյանքումս այս վիճակի մեջ չեմ ընկել, որ իմ պետության դեմ պետք է պայքարեմ, իրավական ձևով ապացուցեմ, որ դու ճիշտ չես։ Կա դատական ուղի, Եվրադատարան։ Բայց, կարծում եմ, որոշակի խելամիտ բան կգտնվի։ Թյուր է այն կարծիքն ու դեմագոգիա է, որ այստեղ ինչ որ թշնամիներ են նստած, իրենք ինչ-որ մի դավադրություն են ուզում անել, եկեք ափալ-թափալ իրանց հարցը լուծենք, որ այդ ենթադրաբար դավադրությունն իրենք չանեն։ Չկա նման բան, հերյուրանք է»։
ՍԴ անդամը պնդեց, որ ինքը կառչած չէ աթոռից, երեք բուհից աշխատելու առաջարկ ունի․
«Խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք սահմանադրական ուղով, ոչ հապճեպ։ Վենետիկցիներն ասել են՝ 12 տարի եք ուզում, եղավ, անցումային շրջան տուր այդ մարդկանց»։
ՍԴ դատավոր Ֆ.Թոխյանը նաև նշեց, որ Ազգային ժողովում եղել է «հերյուրանք ելույթ, թե իբր շտապ նիստ են արել, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը մտցրել են».
«Ամոթ է, ամոթ։ Բնական մեր ընթացքով է։ Վենետիկցիների որոշումը ստացել ենք ուրբաթ։ Առաջին աշխատակարգային նիստի տաս հարցերի մեջ ավելացրել ենք ևս մի քանի հարցեր, այդ թվում նաև այդ հարցը։ Հլը հուլիսի 7-ին ենք նշանակել, կարող էինք ավելի շուտ նշանակել, եթե հետին մտքեր ունենայինք»։