Հայաստանում ադամանդ չի սպառվում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ադամանդի ներքին սպառում չկա, ադամանդը գրեթե 100 տոկոսով արտահանվում է Հայաստանից»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «DCA» ադամանդագործական ընկերության սեփականատեր Գագիկ Աբրահամյանը:
Նա հաստատեց վարչապետի պնդումը, թե ադամանդագործության ոլորտում աճ կա. «Դեռեւս մեկուկես տարի առաջ կառավարությունում մշակվեց թանկարժեք քարերի եւ ոսկերչական իրերի արտադրության զարգացման հայեցակարգը, այնտեղ նշված միջոցառումները կետ առ կետ իրականացվում են, եւ արդեն հասել ենք ավարտին, արդյունքում հստակ կարող եմ ասել, որպես փաստ, որ կա աճ»:
Նրա համար տարօրինակ է եղել, որ 3-4 տարի չաշխատելուց հետո ադամանդագործները պահպանել են իրենց մասնագիտական որակները, եւ այսօր մեծ պահանջարկ ունեն:
«2.5 տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը դեռ վարչապետ էր, այն ժամանակ հրավիրեց ոլորտից տեղյակ բոլոր մասնագետներին եւ պարզաբանվեցին բոլոր այն թերություններն ու բացթողումները, որ առկա են, մշակվեց հայեցակարգը, ու հենց այդ զարգացման հայեցակարգի շնորհիվ այսօր արդեն ադամանդագործությունը մեծ թափ է ստանում, օրինակ կարող եմ բերել իմ սեփականություն հանդիսացող «DCA» ադամանդագործական ընկերությունը, որը սկսել է աշխատել եւ կարճ ժամանակ հետո ականատես կլինեք, թե ինչպես երեք տարվա չաշխատող գործարանը սկսում է աշխատել»,-ասում է Գագիկ Աբրահամյանը:
Նա նկատում է, որ աճ հնարավոր է դարձել միայն պետական աջակցության շնորհիվ. «Առանց պետական աջակցության չէր լինի. հումքի ձեռքբերումը ՌԴ-ից, պետության աջակցության շնորհիվ է իրականացվում. առանց պետության, առանց կառավարության մենք փորձեցինք ինքնուրույն անել, ձախողվեցինք»:
Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված ներքին սպառում բացակայությունը, Գագիկ Աբրահամյանն ասաց. «Հանրապետությունը փոքր է, իսկ Հայաստանում ձեռնարկությունները տասնյակ միլիոն դոլար արժողությամբ ապրանք են արտադրում, ցավոք ադամանդը մեզ մոտ սպառում չի գտնում, շատ փոքր տոկոսը գնում է ոսկերչական իրերի վրա միայն»:
Իսկ ճգնաժամը բացասաբար չի՞ ազդել, մեր հարցին Աբրահամյանը պատասխանեց, որ իհարկե ազդել է, չկա ոլորտ, որի վրա ազդած չլինի, բայց այժմ արդեն աճ է արձանագրվում` նախորդ տարիների համեմատ. «Եթե անցյալ տարիներին մեր վիճակը աղետալի էր, որովհետեւ ոսկերչական իրերը պերճանքի առարկա են, իսկ ճգնաժամի ժամանակ մարդիկ դրա մասին չեն մտածում, ապա այժմ արդեն զգացվում է դրական տեղաշարժ, իմ սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների վրա ես դա զգում եմ»:
Երբ պատգամավորին հիշեցրինք, որ ՀՀ սահմանադրությամբ պատգամավորն իրավունք չունի զբաղվել գործարարությամբ, պարոն Աբրահամյանը բացատրեց իր կարգավիճակը. «Սա իմ սեփականությունն է շատ շուտվանից, ես գործարարությամբ չեմ զբաղվում, դրանով իմ տնօրեններն են զբաղվում: Դա նման է մարդու սեփական տան, ասենք` ձեր տանը կամ պատգամավորի, որը տուն ունի եւ դրա ծախսերով զբաղվում է` կոմունալ ծախսեր` հոսանքի, գազի, ջրի վարձ, ամեն ամիս ինքը գիտի, չէ՞, որ իր տան հոգսերը պետք է հոգա: Մեկը տուն ունի, մեկը` գործարան»: