Սարգիս Շիբոյանի հիշատակին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մարդու ամենազորեղ զգացմունքը սերն է»,- ասում էր հեղինակային երգի կատարող Սարգիս Շիբոյանը և շարունակում երգել.
Եղիր բարի,
Գիտեմ՝ դա շատ դժվար է,
Սիրիր մարդկանց,
Սիրո դեմ չարն անճար է...
Սարգիսի մուտքը երգարվեստ սկսվել է 1980-ականների սկզբին «Սև մարգարիտ», «Մեղմ երեկո» երգերով: 1988 թվականին, հավատարիմ մնալով հեղինակային երգի ժանրային առանձնահատկություններին, ներկայանում է քաղաքական երգերով՝«Մեր ցուրտ դարում», «Թռչնակը վանդակում», «Դիմակահանդես»:
Սարգիս Շիբոյանը 1994 թվականից համագործակցել է Հանրային հեռուստատեսության Մանկապատանեկան հաղորդումների խմբագրության հետ: Նրա մանկական ուրախ ու սրամիտ երգերը սիրեց հեռուստադիտողը: Նա երգիչ-հեքիաթասացի կերպարով հանդես էր գալիս մանկական հեռուստաներկայացումներում, «Ամանորյա զանգակներ», «Կապույտ թռչուն» հեռուստահաղորդումներում: Հինգ տարի շարունակ եթեր հեռարձակվող «Մանկության մոլորակ» հաղորդաշարն ավարտվում էր նրա գրված համանուն երգով: Հաղորդման հեղինակ և ռեժիսոր Սյուզաննա Մուրադյանը նշում է. «Սարգիսը մի անձնավորություն էր, որ երբեք չհանդուրժեց անարդարությունը, անգամ իր մանկական երգերում մեղմ հումորով անդրադառնում էր դրան»:
1996 թվականի նոյեմբերի 29-ին Հայկական հեռուստատեսության հիմնադրման 40-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցեցին նաև երգահան եղբայրներ Սարգիս և Գագիկ Շիբոյանները՝ ներկաներին ողջունելով հեղինակային մանկական ուրախ երգով:
Սարգիս Շիբոյանը տարբեր տարիների մասնակցել է հեղինակային երգի փառատոների, այդ թվում՝«Ոսկե կիթառ», «Հուսո առագաստ»: Վերջին տարիներին նա հեղինակային երգերով հանդես էր գալիս «Բարդ ակումբում»: Նա անմնացորդ նվիրվեց իր արվեստին: Նրա ստեղծագործությունները միշտ կապրեն հայ հեղինակային սիրված երգերի շարքում:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին հայտնի դարձավ, որ մահացել է Bard ակումբի անդամ, հեղինակային երգի կատարող, երգահան Սարգիս Շիբոյանը։ Նա ընդամենը 58 տարեկան էր: