Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Հասարակություն

Գույքահարկ՝ բացելով փակագծերը (տեսանյութ)

Շքեղ պալատներից մինչեւ հյուղակներ. հավասարեցնող եւ առանձնացնող գույքահարկ

Անշարժ գույքի գնահատման և հարկման նոր համակարգն արդեն ընդունված է,  եւ  2021թ․գույքահարկը հաշվարկվելու է շուկայականին  մոտարկված կադաստրային  արժեքի չափով։ Գույքահարկը բարձրանալու է աստիճանաբար և վերջնական տարբերակով ուժի մեջ է մտնելու 2026թ։

Կառավարությունն այս  փոփոխությամբ նպատակ ունի նվազեցնել  կադաստրային և շուկայական արժեքների միջև եղած մեծ տարբերությունը: Իշխանությունները գտնում են, որ անշարժ գույքի կադաստրային արժեքը շատ ցածր է շուկայական արժեքից, այդ պատժառով էլ շատ ցածր է հաշվարկվող գույքահարկը։ Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքը և  հարկման բազան  սահմանվել են երկու և ավելի տասնամյակ առաջ։ «Օրինակ, 1994թ սահմանված գներով Երևանի կենտրոնում առաջին գոտում 1քմ հողը հարկային բազայի ձևավորման համար գնահատված է մոտ 2580 դրամ։ Եվ վերլուծելով այս թվային շարքը` հասկանում ենք, որ դրանք աղերս չունեն ներկա շուկայի հետ»,- ասում է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Անշարժ գույքի կադաստրային արժեքը կբարձրանա նվազագույնը մի քանի անգամ, երբեմն՝ նաև 10-15 անգամ։ «Գույքահարկը ավելանալու է, և առավելապես այն գույքերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ»,- ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օրինակ, Մոնումենտում խորհրդարանի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող` ԱԺ շենքի նմանությամբ կառուցված առանձնատան կադաստրային արժեքը 310 մլն դրամ է, գույքահարկը՝ 2,8 մլն դրամ։ Ս․Թորոսյանը հաստատում է մամուլի այն հրապարակումը, թե նրա առանձնատան կադաստրային արժեքը կդառնա մոտ 2 մլրդ դրամ, մեկ տարվա գույքահարկը՝ 38 մլն դրամ։

Հ․Աբրահամյանի տան հարևանությամբ շքեղ առանձնատներ ունեն նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը և բազմաթիվ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Գույքահարկի բարձրացման դեմ առաջին բողոքը, սակայն, եղավ ոչ թե դղյակներից, այլև մի քանի սերունդ Երեւանում բնակվողներից՝ սոցիալական հարթակներում  «Բնիկ երևանցի» խորագրով ֆլեշ-մոբի ձեւաչափով։ 300-ից ավելի հասարակական գործիչներ և արվեստագետներ Ն․Փաշինյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին բաց նամակ գրեցին` կոչ անելով ետ կանչել օրենքը: Նրանց թվում էր  ճանաչված դերասան, բեմադրիչ- ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը, ում ընդարձակ բնակարանը գտնվում է Կենտրոն համայնքում: «Ես ծնվել եմ այն տանը, որտեղ հիմա ապրում եմ, 67 տարի: Ես շատ շնորհակալ եմ հայրիկիս այդ տունը ինձ թողնելու համար, բայց եթե մարդը իմանար, որ հիմա ստիպված եմ լինելու վճարել գումար, որն իմ ու տիկնոջս թոշակներից ավելի մեծ է, նա հաստատ մի բան կմտածեր ու այդքան մեծ տուն չէր թողնի»,- դժգոհում է դերասանը։

Պատասխանատուները վստահեցնում են, որ փոփոխությունների արդյունքում իրականում գույքահարկը շատ չի բարձրանա, և ավելի քան 90 տոկոսը կկարողանա վճարել։ «Արգիշտի փողոցում 6700 գուքահարկը առաջին տարում կդառնա 3500 դրամ, 2026` 14.000 դրամ: Նալբանդյան փողոցում 75 քմ բնակարանի 25.000 ԴՐԱՄ գույքահարկ կդառնա 71.000 դրամ, առաջին տարում` 18.000 դրամ»,- ասում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նշենք նաև, որ Հայաստանում այլեւս չի լինելու անշարժ գույք, որի համար  հարկ չի  վճարվելու։ Ներկայումս  այդպիսի 500 հազար գույք կա։ Վերացվում են չհարկվող շեմերը՝ մինչև 10 մլն դրամ արժեքով բնակարանների և մինչև 7 մլն դրամ արժողությամբ բնակելի տների համար՝ սահմանելով 0․05 տոկոս հարկման դրույքաչափեր։ Ավելի մեծ արժեքների դեպքում բնակարանների եւ տների համար սահմանված են տարբեր դրույքաչափեր։