Ավելի քան 100 ծրագիր է մրցում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու ուղղությամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկայի Ձայն
Այս պահին աշխարհում անցկացվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 100 փորձարկում:
Pfizer Inc եւ BioNTech ընկերությունները հուլիսի 13-ին հայտարարեցին ԱՄՆ-ի ‘’արագընթաց’’ ծրագրի շրջանակներում փորձերի հաջող ընթացքի մասին: Սա նշանակում է, որ հաջողության շարունակության դեպքում վեց ամսվա ընթացքում ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը կկայացնի այդ պատվաստանյութն արտոնելու հարցը:
‘’Մոդերնա’’ ընկերության պատվաստանյութը առողջ 45 անձանց նկատմամբ իրականացված փորձերի արդյունքում ապացուցել է, որ անվտանգ է եւ փոփոխում է տվյալ մարդու իմունային համակարգը: 30 հազար անձանց նկատմամբ փորձերի երրորդ ու ամենավճռական փուլը Նուբար Աֆեյանի ղեկավարած ‘’Մոդերնա’’-ն կսկսի հուլիսի 27-ին:
ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին գովեստով է խոսում նաեւ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային հաստատության կողմից իրականցվող փորձերի մասին:
Ինչ վերաբերում է չինական Sinovac Biotech-ին, այն Բրազիլիայում սկսում է փորձարկումների երրորդ փուլը: Ինչպես նահանգապետն է ասում, իրենց բժշկական հաստատություններից մեկն ավարտին է հասցրել դեղագործական հսկայի հետ պայմանագիրը, որը թույլ կտա այստեղ արտադրել կորոնավիրուսի դեմ այս պատվաստանյութը:
Չինաստանի ռազմական ուժերին պատկանող գիտահետազոտական հաստատությունը սկսում է փորձերի երկրորդ փուլը եւ մեծ թվով մարդկանց վրա փորձերը, ըստ Չինաստանի, խրախուսող արդյունք են տալիս:
Ինչ վերաբերում է չինական Sinopharm ընկերությանը, ապա այն արդեն իսկ սկսել է փորձարկումների երրորդ փուլը: Աբու Դաբիում այդ նպատակով հավաքագրվել է 15 հազար կամավոր:
Հաջողություն է գրանցում նաեւ Inovio դեղագործական ընկերությունը մարդկանց նկատմամբ վաղ փորձարկումների արդյունքում: Միջին եւ ավարտական փորձարկումներն այս ընկերությունը կսկսի մինչեւ ամառվա վերջը:
Շուտով հրապարակվելու են AstraZeneca ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի կողմից իրականացվող փորձերի արդյունքները:
Ռուսաստանն է պատրաստվում այս տարվա ընթացքում արտադրել կովիդ 19-ի դեմ փորձնական պատվաստանյութի 30 միլիոն չափաբաժին: Այն ունի աշխարհի մի քանի հատվածներում եւս 170 միլիոն չափաբաժին արտադրելու նպատակ:
38 անձանց մասնակցությամբ իրականացված փորձերը ցույց են տվել դրական արդյունք, այն անվտանգ է ու դրական ազդեցություն է գործում իմունային համակարգի վրա:
Հնդկաստանում գտնվող Serum հաստատությունը, որը պատվաստանյութեր արտադրելու ծավալով չունի իրեն մրցակից, աշխատում է դեղագործական մի շարք ընկերությունների հետ եւ սպասում, թե որ ընկերությունների հայտնաբերած պատվաստանյութն է ինքը սկսելու արտադրել:
Եվ այսպես, աշխարհի ուշադրությունը շարունակում է մնալ այն պատվաստանյութի հայտնաբերման աշխատանքների վրա, որի նպատակը կորոնավիրուսն աշխարհում վերացնելն է, վիրուս, որին այս տարվա սկզբից զոհ է գնացել ավելի քան 610 հազար մարդ աշխարհում: