Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մարդիկ են եղել, իրենց չօգտագործված անվադողերը բերել են՝ սահման ուղարկելու համար (տեսանյութ)

Սահմանային լարվածության աճին զուգահեռ՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում կամավորները խմբվեցին ու սկսեցին սահման ուղարկելու համար անվադողեր հավաքել։

«Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբը» այս գործով զբաղվում էր դեռ 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո: Սահմանին լարվածության վերջին օրերին ակումբի կողմից հնչած կոչը համախմբեց հարյուրավոր կամավորների։ Այսօր արդեն նրանց շնորհիվ հավելյալ պաշտպանական շերտ ստեղծելու համար սահման են ուղարկվում հազարավոր անվադողեր։

Նախաձեռնության հիմնադիրներից Գրիգոր Մադաթյանը «Ա1+»-ին պատմեց՝ 2016 թվականից առ այսօր անվադողեր հավաքելու աշխատանքը չեն դադարեցրել

«Մարդիկ են եղել, որ իրենց նոր, չօգտագործված անվադողերը բերել են և հանձնել նախաձեռնությանը»։

Կոչերը հնչում են սոցցանցային էջերում, արձագանքը չի ուշանում,-պատմում  է Մադաթյանը և  հավելում, որ աշխատանքները համակարգում են Պաշտպանության նախարարության հետ, նրանք ևս տրամադրում են մեքենաներ։

Վերջին օրերին նախաձեռնության անդամներին հաջողվել է Հայաստանի սահմաններ ուղարկել 11 հազար անվադողեր, նախատեսվում է ուղարկել ևս 7-8 հազար։

Մադաթյանը պատմում է, որ Հայաստանի սահմաններ առաջին անգամ են անվադողեր ուղարկում, նախկինում հավաքված անվադողերը միշտ ուղարկել են Արցախ:

«Մեզ մոտ 12-14 տարեկան կամավորներ էլ են եղել, մեր ազգի համախմբվածությունը շատ կարևոր է»,-նկատում է Մադաթյանը։

Նախաձեռնութան կամավոր անդամներից Ալիկ Մարտիրոսյանի խոսքով՝ արձագանքել են Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի եղբոր՝ Ժորա Աբգարյանի կոչին, այսօր, ըստ նրա, կամավորներին հաշվել հնարավոր չէ

«Եղան շատ կամավորներ, ովքեր ֆինանսապես օգնեցին, կան ընկերություններ, որոնք մեքենաներ են տրամադրում, կան նաև անհատներ, ովքեր սեփական մեքենաներով միանում են նախաձեռնությանը»։

Կամավորների թվում են  նաև Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, ազատամարտիկներ, մարզիկներ, Մարտիրոսյանի խոսքով՝ ձևավորվել է ուժեղ թիմ, որը այս պահին պահում է թիկունքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Այժմ պահպանվում է հարաբերական անդորր։