Նույնն է, որ կոնսերվատորիայի դաշնամուրի բաժին դիմած դիմորդը պահանջի շվիի բաժնում իրեն ընդունել. ԳԹԿ փոխտնօրեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնդունելության քննությունների նոր կարգը ուժի մեջ է մայիսի 21-ից, եւ որ դժգոհություններ կլինեն, պատասխանատուները ակնկալել են։
«Մենք սպասում էինք այսպիսի դժգոհությունների, բայց ,այնուամենայնիվ ,առաջնահերթությունը տվել ենք մասնագիտական կողմնորոշմանը։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում, քանի որ դա նույնն է, որ կոնսերվատորիայի դաշնամուրի բաժին դիմած դիմորդը չընդունվի ու պահանջի շվիի բաժնում իրենից ցածր միավոր հավաքածի փոխարեն իրեն ընդունել»,-առցանց քննարկման ժամանակ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Նոր գործող կարգով եթե դիմորդը հայտի առաջին տողով նշում է որևէ մասնագիտություն, ապա տվյալ տողի վճարովի և անվճարն ունի գերակա նշանակություն մնացած բոլոր հայտերի նկատմամբ։
Եթե առաջին տողով, անկախ հավաքած բարձր միավորից, չեն ընդունվել, ապա մնացած տողերի մասնագիտությունների մրցույթին կարող են մասնակցել միայն եթե այդ բաժիններում կան թափուր տեղեր։
Տեսաքննարկման բանախոսներից (ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կարծում է, որ չկար կարգի փոփոխության հրատապություն։
«Մեկ քննություն հանձնելու պարագայում մենք արդեն բարձր մրցակցություն։ ԳԹԿ-ն և ԿԳՍՄՆ պետք է համատեղ այդ ռիսկերը չափեին։ Ասում են՝ մենք գիտեինք, որ հետևյալ պատկերը կլինի, ավելի վատ է, երբ գիտեին և չեն կանխել»,- ասում է պատգամավորը։
Կարգի փոփոխությունն հենց այս տարի կիրառելն անհասկանալի է համարում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
Նա խնդիր է համարում նաև այն, որ դիմում-հայտ լրացնելիս համակարգը պարտադրում է նշել 8 դաշտ։
«Եթե մենք պահանջում ենք, որ դպրոցն ավարտելուն պես հստակ կողմնորոշված ընտրեն մասնագիտությունը, ապա ի՞նչ տրամաբանությամբ ենք պարտադրում 8 հայտ լրացնել, կարելի է թողնել 3 փոխկապակված մասնագիտություններ նշելու հնարավորություն»,-առաջարկում է նա։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ գործող համակարգը հակասում է բուհերի ինքնավարության սկզբունքին.
«Բուհերն ըստ էության հնարավորություն չունեն իրենք ընտրելու ուսանողին։ Եթե բուհերը ֆակուլտետների համար ֆիքսված շեմեր սահմանեն, մենք նման խնդիր չենք ունենա»։
Նրան զարմացրել է 19-20 միավորներ հավաքած դիմորդների առատությունը։ Օրինակ իրավաբանության ֆակուլտետում 20 միավոր հավաքած ուսանողները 50-ն են, անվճարի տեղերը՝ 6-ը։
«Ես ցնցված եմ հայոց պատմության քննության բարձր միավորներից, չէի սպասում այսպիսի բարձր արդյունքների, քանի որ անցած տարի ամբողջ հանրապետությունում 22 դիմորդ է 20 միավոր հավաքել, իսկ այս տարի 50 հոգի միայն իրավագիտության ֆակուլտետ դիմած 20 է հավաքել։ Սա լուրջ խնդիր է, որ ուսանողը անսխալ գրել է բոլոր հարցերի պատասխանները, բայց մեկ միլիոն դրամ վարձ պիտի վճարի։ Կասի` ի՞նչ եք ուզում, 100% պատասխանել եմ, ինձ ոչ մի զեղչ, ոչ մի աջակցություն չի՞ հասնում պետությունից»,-ասաց նա։
Ֆիզիկայի ուսուցիչ մասնագիտությամբ Հայաստանում այս տարի ընդունվել է 1 հոգի՝ 9 միավորով։ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ այս հարցը պետք է հրատապ քննարկվի։
«Սա արդեն երկրի անվտանգության հարց է. Հայաստանը տարեկան 15-20 ֆիզիկայի ուսուցչի կարիք ունի, հիմա ունենք մեկ հոգի, ով էլ դեռ պարզ չի կուզենա ուսուցիչ աշխատել, թե չէ։ Սա շատ ավելի լուրջ հարց է, մնացածը կարող են կարգավորվել, բայց այս մյուս բևեռում մարդ չկա, ամայություն է»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում