Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Հայաստանը 2-3 օրում բացահայտվող երկիր չէ․ Լուսինե Գևորգյան (տեսանյութ)

Հայաստանը փորձում է դուրս գալ «կարճ այցերի երկրի» պատկերացումից։ «Մենք ունենք 25 հազարից ավելի պատմամշակութային օբյեկտ, և Հայաստանը 2-3 օրում բացահայտվող երկիր չէ»,- հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ ներկայացնելով 2026-2030 թվականների զբոսաշրջության զարգացման նոր ծրագիրը։

Հունվարի 9-ին կառավարության նիստում ընդունված 2026-2030 թվականների ռազմավարությունը, ըստ նրա, լինելու է ուղենշային փաստաթուղթ առաջիկա տարիների համար՝ թե՛ պետական քաղաքականության, թե՛ բիզնեսի գործունեության տեսանկյունից։

Ծրագիրը մանրամասն ներկայացնելու նպատակով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ նախաձեռնել են մարզային այցեր։ Արդեն եղել են մի քանի մարզերում, հանդիպել են մարզային և համայնքային ներկայացուցիչների հետ, տեղում քննարկել են ոլորտի խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։

Ըստ Գևորգյանի՝ զբոսաշրջության զարգացման ռազմավարական հիմնական ուղղություններից մեկը գաստրոտուրիզմն է, որի շրջանակում առաջնային ուշադրությունը կենտրոնացված է գինու և բրենդիի վրա։ Հաջորդ կարևոր ուղղությունը արկածային զբոսաշրջությունն է, որը, ինչպես նշեց Գևորգյանը, Հայաստանում ակտիվ զարգացում է ապրում։

Առաջնահերթությունների շարքում է նաև բժշկական զբոսաշրջությունը։ Անցյալ տարի Հայաստանում առաջին անգամ անցկացվել է բժշկական զբոսաշրջության համաժողով, իսկ այս տարի, նախագահի խոսքով, նախատեսվում է նոր քայլ առաջ անել՝ նախաձեռնելով ՄԱԿ-ի հետ համատեղ բժշկական համաժողով Հայաստանում՝ հրավիրելով այն երկրներին, որոնք ունեն այս ոլորտում հաջողված փորձ։

Բժշկական զբոսաշրջությունը, նախագահի խոսքով, բազմաշերտ ուղղություն է, որը զարգացնելու նպատակով  աշխատանքներ են տարվում ավելի քան մեկ տարի։ Շուտով կգործարկվի նոր թվային հարթակ՝ ստեղծված հայ-ամերիկյան ընկերության հետ համագործակցությամբ։

«Որակյալ բժշկական ծառայությունները մեկ տեղում հասանելի կլինեն զբոսաշրջիկների համար։ Այսինքն, միևնույն հարթակում հնարավոր կլինի գտնել տարբեր բժշկական ծառայություններ, լավագույն բժիշկներին, որոնք ունեն լիցենզիա, դրանից բացի կապվել ապահովագրողի, զբոսաշրջային օպերատորների հետ, կնքել պայմանագիր։ Հարթակում ներկայացված կլինեն ամենատարբեր բժշկական ծառայություններ, այդ թվում՝ բարդ վիրահատություններ»,- հայտարարեց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին ներմուծվել են տարածաշրջանում եզակի և թանկարժեք բժշկական սարքավորումներ, ինչը մեծացնում է երկրի մրցունակությունը բժշկական զբոսաշրջության ոլորտում և թույլ կտա ավելի շատ մարդկանց բերել Հայաստան։

Էկոզբոսաշրջությունը ևս ընդգրկված է ռազմավարության մեջ, իսկ 2025 թվականից ուշադրության կենտրոնում է լինելու նաև կրոնական զբոսաշրջությունը։ «Շատ զբոսաշրջիկներ չգիտեն, որ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է»,- նշեց նա՝ շեշտելով, որ այս ուղղությամբ ևս մեծ ներուժ կա։

Գևորգյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի Հայաստանը մասնակցել է 6 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, և այս տարի ևս լինելու են հետևողական։

«Չենք թողնի, որ գումարը փոշիանա, որովհետև եթե մեկ անգամ ներդրում ես անում, դա պետք է լինի շարունակական»,- ասաց նա՝ ընդգծելով միջազգային հարթակներում նոր զբոսաշրջային պրոդուկտների ներկայացման կարևորությունը։

Այս տարի կոմիտեն շեշտը դնելու է նաև զբոսաշրջային փաթեթների բազմազանության վրա։ Նախատեսվում է, որ տուրօպերատորներն ու գիդերը զբոսաշրջիկների համար համադրեն տարբեր փորձառություններ՝ մեկ եկեղեցի, մեկ ամրոց, մեկ բնադիտում, մեկ մաստեր-կլաս, մեկ խոհարարական դիտում։

«Նախ զբոսաշրջիկը ավելի երկար կմնա, հետո էլ կցանկանա վերադառնալ»,- ընդգծեց նա։

Նա նշեց նաև, որ արդեն հայտարարվել է զբոսաշրջության ոլորտում կրթական ծրագրերի դրամաշնորհի մեկնարկը։ Անցյալ տարի կոմիտեն 10 մարզերում և Երևանում իրականացրել է դասընթացներ հյուրանոցների և հյուրատների համար, որոնց ընթացքում աշխատակիցները ձեռք են բերել գիտելիքներ սեփական պրոդուկտի ներկայացման և զարգացման վերաբերյալ։

Գևորգյանը կարևորեց նաև ոլորտի թվայնացումը՝ նշելով, որ այն անխուսափելի է։ Ամեն ինչ հավաստագրվելու է՝ ձևավորվելու է տեղեկատվական շտեմարան։ Կարևոր է լինելու նաև ռեյտինգավորման համակարգը։

«Աստղիկների միջոցով կկարողանանք հասկանալ, թե որ զբոսաշրջային կետից են բողոքում, և մենք գնալու ենք այդ բողոքների հետևից, որպեսզի հասկանանք՝ համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Ոչ ոք չի կարող անհիմն բողոք ներկայացնել, զբոսաշրջության կոմիտեն հետևողական է լինելու»,- ընդգծեց նա։

Որտեղից են գալիս զբոսաշրջիկները

Գևորգյանի խոսքով՝ անցյալ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների 41%-ը Ռուսաստանի Դաշնությունից են եղել։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ մոտ 300 հազար այցելուով, երրորդը՝ Իրանը։ Ըստ Գևորգյանի՝ սա նշանակում է, որ Հայաստանին առավելապես այցելում են հարևան երկրներից։

Միաժամանակ աճ է արձանագրվել Չինաստանից և ԱՄՆ-ից ժամանող զբոսաշրջիկների թվի մեջ։

Խմբային այցելությունների դեպքում կոմիտեն աշխատում է տուրօպերատորների հետ, իսկ անհատական այցելությունների դեպքում՝ հյուրանոցների հետ։

Անցյալ տարի Հայաստան է այցելել 79 լրագրող և բլոգեր, ինչը, նախագահի խոսքով, կարևոր ներդրում է երկրի զբոսաշրջային ճանաչելիության բարձրացման գործում։

Գևորգյանը նկատեց, որ զբոսաշրջությունը նաև զգայուն ոլորտ է, և պատերազմական իրավիճակում գտնվող երկրները հիմնականում տուժում են զբոսաշրջային առումով։

Նա  ընդգծեց, որ համապատասխան գերատեսչությունները աշխատանք են տանում դեսպանությունների հետ, որպեսզի Հայաստանի որոշ շրջաններ հանվեն «կարմիր գծով» ընդգծված պատերազմական գոտիների ցանկից։

Եթե դա հաջողվի, ապա, ըստ նրա, դրական ազդեցությունը զբոսաշրջության վրա ակնհայտ կլինի։ Կոմիտեն պատրաստվում է զբոսաշրջային հոսքեր ուղղել դեպի Սյունիքի մարզ, Վայոց ձորի մարզ և Ջերմուկ։