«Բուժում է Վարդանանցը»․ Հայաստանում ներկայացվեց կլինիկական գործելակարգերի եռահատոր ժողովածու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2026 թվականի փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը հանրությանը ներկայացրեց «Բուժում է Վարդանանցը» կլինիկական գործելակարգերի եռահատոր ժողովածուն։
Ժողովածուն ներառում է 371 կլինիկական գործելակարգ՝ 25 բժշկական մասնագիտացումներով՝ ներառյալ թերապևտիկ և վիրաբուժական ուղղությունները։ Գործելակարգերը մշակված են միջազգային առաջատար ուղեցույցների հիման վրա՝ բարձր ապացուցողականությամբ և կիրառելիությամբ՝ հարմարեցված Հայաստանի առողջապահական համակարգին։
Նյութերի մշակումը, թարգմանությունն ու արդիականացումն իրականացվել են «Վարդանանց» ՆԲԿ-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնի կողմից։ Խմբագրական խորհուրդը գլխավորում է ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանը։
Ժողովածուն նախապես ներկայացվել է քննարկման և մասնագիտական գնահատման ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի Գիտական խորհրդին, որի անդամների առաջարկներն ու դիտարկումները ներառվել են վերջնական խմբագրության մեջ։
2022 թվականին ներկայացված առաջին ժողովածուից հետո՝ 4 տարվա ընթացքում, կուտակվել է գործելակարգային մոտեցումների կիրառման, բուժօգնության որակի վերահսկման և պացիենտակենտրոն մոդելների զարգացման նշանակալի փորձ։
2026 թվականի շնորհանդեսի առանցքային շեշտադրումը պացիենտի վրա է՝ որպես բժշկական գիտության և պրակտիկայի հիմնական շահառու։
Գործելակարգերը թվայնացված են և ինտեգրված կլինիկական տեղեկատվական համակարգերին։ Մեկնարկել է նաև դրանց վերափոխումը Moodle թվային ուսուցման հարթակի համար։ 2027 թվականին «Վարդանանց»-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնը նախատեսում է իր կրթական ծրագրերն առաջարկել Հայաստանի և արտերկրի մասնագիտական համայնքներին։