Դուք գիտե՞ք, թե իմ հայրը ով է եղել, ինչո՞ւ չեք խորանում, թե ով է եղել․ Նիկոլայ Բաղդասարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը համաձայն չէ այն քննադատությունների հետ, թե Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելիս՝ կառավարությունը պետք է հիշեր, թե ով է եղել նրա հայրը։ Վահրամ Ավետիսյանը եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին։
Կառավարության որոշումից հետո՝ քաղաքական և իրավական շրջանակները հիշեցրին, որ Դ․Ավետիսյանը եղել է «կոռումպացված, նախկին իշխանությունների կամակատարը և, որ նրա պաշտոնավարման շրջանում են դատապարտվել Մարտի 1-ի քաղբանտարկյալները»։
Բաղդասարյանը գտնում է, որ դատավորի թեկնածուին պետք է դատել իր գիտելիքներով ու գործողություններով և ոչ թե ծնողների անցյալով։ «Դուք գիտե՞ք, թե իմ հայրը ով է եղել, ինչո՞ւ չեք խորանում, թե ով է եղել»,- հարցնում է պատգամավորը։
Անդրադառնալով նաև նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Ն․Բաղդասարյանը հավելեց, թե նրանք Հայաստանից հեռացել են, մինչև իրավապահ մարմինները նրանց նկատմամբ կհասցնեին մեղադրանք առաջադրել։ Պատգամավորի խոսքերով այդ մարդիկ նախկինում հանցագործություն են կատարել, քանի որ գիտեին, կմնան անպատիժ․ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նրանց չի պատժի։
Բայց հեղափոխությունից հետո հասկացել են, որ շուտով կկանգնեն արդարադատության առաջ, և արագ հեռացել են։