Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզապես հացի գնապիտակն է նույնը մնացել

Տնտեսություն

Կարծես այլեւս ոչ ոք չի զարմանում, երբ գնումներ կատարելիս վճարում է ոչ թե նախկին պես` ասենք 2500, այլ 5000 դրամ:

Սպառողական շուկայում գները օր-օրի բարձրանում են` նախ 10, հետո 20, ապա արդեն 50 դրամով: «Ա1+»-ի ուսումնասիրությունները տարբեր խանութներում ցույց տվեցին, որ պարենային ապրանքների շուկայում թանկացել են ոչ միայն ներկրվող ապրանքները, այլ նաեւ տեղական:

Օրինակ, առաջին անհրաժեշտության սնունդ հանդիսացող յուղի, ձեթի, շաքարավազի գները թանկացել են 50-400 դրամի չափով: Ասենք` յուղի մի տեսակը, որը վաճառվել է 400 դրամով, այսօր վաճառվում է 850 դրամով: Ձեթերի գները հիմնականում ավելացել են 50 դրանով, իսկ շաքարավազի 1 կգ-ը, որ մեկ ամիս առաջ արժեր 300 դրամ, այսօր 380 դրամի է հասել: Թանկացել են օղիները, մայոնեզն ու կոնֆետները:

«Այսինքն, կարող եմ ասել, որ հիմա ինչ ապրանք, որ բերում են, անպայման որոշակի դրամով ավելացած են ինձ հանձնում, ես էլ վրան գումար եմ ավելացնում ու վաճառում: Երբ հարցնում եմ, թե ինչու են այդպես թանկացրել, ասում են, որ դոլար-դրամ փոխարժեքի հետ է պայմանավորված»,- «Ա1+»-ին ասաց խանութի վաճառողուհիներից Ռիման:

Մեկ այլ վաճառողուհի Աննան նշեց, որ կարելի է ասել, որ թանկացել է նաեւ տեղական արտադրության ապրանքները. «Հացը, որ հաց է, թանկացել է: Չէ, գինը չի ավելացել, բայց քաշն է ընկել: Կրկին 200 դրամանոց մատնաքաշը 200 դրամ է վաճառվում, սակայն եթե նախկինում 200 դրամանոց մատնաքաշը կշռում էր 300 գրամ, ապա հիմա նույն գնով գնում են 150 գրամանոց: Կամ ասենք` լավաշի գները նույնն են մնացել, սակայն առաջ կշռում էր մեկ փաթեթը 800 գրամ, իսկ հիմա 690 գրամ: Իսկ տեղական արտադրողները թանկացումը պայմանավորում են գազի, լույսի թանկացմամբ»:

Տեղական արտադրողներից «Դարոյինք» ընկերությունը իր գները ավելացրել է 5-8 տոկոսով: Իսկ ինչո՞վ է պայմանավորված, ընկերության մարքեթինգի բաժնի վարիչ Յուրի Օհանյանը «Ա1+»-ին ասաց, թե մի քանի գործոններ են ազդել. «Հումքն է թանկացել, դոլար-դրամ փոխարժեքով է պայմանավորված, ինչպես նաեւ գազի թանկացմամբ»:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը «Ա1+»-ին ասաց, որ իրենք իրականացնում են մոնիթորինգ ընդհանուր հարկման ռեժիմում աշխատող խանութներում` «սոցիալական նշանակության ապրանքների գների դինամիկայի վերաբերյալ»:

«Վերոնշյալ ապրանքներից ոչ բոլորն են սոցիալական նշանակության եւ պետք է նշել, որ սոցիալական ապրանքների գների նման դինամիկա հանձնաժողովը չի արձանագրել: Մրցակցային կանոնների խախտման հանգամանքներ ի հայտ գալու դեպքում հանձնաժողովը կարձագանքի»,- վստահեցրեց նա: