Դիմորդները նախարար Արայիկ Հարությունյանին նվեր էին բերել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲուհական ընդունելության քննություններում դրական միավոր ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները այսօր ԿԳՄՍ նախարարության մոտ դատարկաձեռն չէին եկել։
Դիմորդները նախարար Արայիկ Հարությունյանի համար նվեր էին բերել՝ Աստվածաշունչ և խաչ, ցանկանում էին անձամբ հանձնել նախարարին, մինչդեռ նրանց դիմավորեց նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը։
Վերջինս շեշտեց, թե նախարարը նվերն անպայման կգնահատի և կընդունի, քանի որ հավատացյալ մարդ է։
Դիմորդներն իրենց հերթին խորհրդականին խնդրեցին իրենց ասելիքը բառացի փոխանցել նախարարին, թեև կցանկանային անձամբ հանձնել նրան․
«Գուցե Աստվածաշունչը կարդա եւ սկսի ավելի մարդկային ձեւով վերաբերվել իր մասնագիտությանը եւ ազգանվեր գործունեություն վարել, ավելի մոտ կանգնել եկեղեցուն: Հուսով եմ՝ նախարարը կարդալով՝ ապատեղեկատվություն կամ սուտ ինֆորմացիա չի տարածի 17-18 տարեկան պատանիների հասցեին»,-հայտարարեց դիմորդ Հայկ Բաբայանը:
Նախարարի խորհրդականը վստահեցրեց, որ նախարարության աշխատանքը միտված է միայն ոլորտային բարեփոխումներին եւ դիմորդների կողմից մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելուն:
Մեկ այլ դիմորդ խնդրեց Արայիկ Հարությունյանին հիշեցնել Աստվածաշնչյան ոսկե կանոնի մասին, ինչին ի պատասխան Մամիկոնյանը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք չպետք է ռեֆորմներ և բարեփոխումներ արվեն։
Դիմորդների ծնողներից մեկն ի պատասխան այն պնդումներին, թե այս հավաքը քաղաքական պաստառ ունի, ասաց, որ արդեն մի քանի տարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և վստահեցրեց, որ տեղի ունեցողը քաղաքացիկան ակցիա է և միտված է դիմորդների շահերի պաշտպանությանը։
Ծնողներից Մասիս Բաբայանը, ում որդին ընդունվել է վերջին հայտով միայն, նախարարի խորհրդականի հետ երկխոսությունից հետո հայտարարեց՝ մնացած հարցերը կպարզաբանվեն դատարանում։