«Գյուղացիներին մենակ բանկերի տեղն են լավ ցույց տալիս». Ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Կասյան-Կոմիտաս խաչմերուկի գյուղատնտեսական շուկայի աշխատակիցները։
Քաղաքապետարանի որոշմամբ այդ տոնավաճառը պետք է փակվի՝ պատճառաբանությամբ՝ բնակիչները և հարակից տնտեսվարողները դժգոհություններ են ներկայացրել Արաբկիրի թաղապետարան։
«Բնակիչները մեզ չեն դժգոհում, թաղապետը չի կամենում, որ տարբեր մարզերից գյուղացիները շարունակեն իրենց աշխատանքը։ Ինչքան ամոթ է, որ Ռուսաստանում համախմբված ուզում են մեզ համար շուկաներ ստեղծել, իսկ մեր երկրում գյուղացիներին հանում են և միայն բանկերի տեղն են լավ ցույց տալիս»,- ասում է Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գյուղատնտես Լեւոն Գրիգորյանը։
Նրանց առաջարկվել է Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող տարածք տեղափոխվել։
Արտադրողները դեմ են, ասում են՝ տարիներ շարունակ այդ շուկայում են իրացնում իրենց բերքը և ունեն իրենց գնորդները։
Տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանը նշում է, որ իրենց ջանքով կայացրած շուկան չեն կարող թողնել և պատրաստ չեն նորից սկզբից հիմնել. «Մեզ հորդորում են հող մշակենք, ցածր ինքնարժեքով ապրանք բերենք, բայց հիմա հասունացած ապրանքի համար իրացման խնդիրներ են առաջացնում»։
Գյուղացիների կառավարության պատասխանին են սպասում, նրանք միաբերան ասում են, որ ոչ թե իշխանության դեմ է ակցիան, այլ պարզապես վարչապետի ուղիղ միջամտությանն են սպասում։
Կառավարությունից այսօր չարձագանքեցին։
Ի դեպ, բողոքի ակցիայի ընթացքում երեք գյուղացու տուգանեցին դիմակը սխալ կրելու համար։