Ռոբերտ Քոչարյանը իր համակիրներին կերակրելու խնդիր ունի․Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Արթուր Վանեցյանին իր նորաստեղծ կուսակցությունով, ո՛չ Սերժ Սարգսյանին իր արբանյակներով ու փեսայով, չեմ համարել և չեմ համարում իշխանափոխության լուրջ վտանգ»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։
«Նրանցից որևէ մեկը իշխանության վերադառնալու որևէ շանս չունի, եթե նույնիսկ իշխանափոխության ինչ-որ կոնտեքստում դիտարկեմ, ապա նրանք կարող են ուղղակի տարբեր միջոցներով, թուլացնել, բաց իշխանության գալ չեն կարող»։
Սաֆարյանը համոզված է՝ Ռոբերտ Քոչարյանը իր համակիրներին խոտումներով կերակրելու խնդիր ունի․
«Եթե մենք վերհիշենք, թե Ռոբերտ Քոչարյանը քանի անգամ է ազդարարել փողոցում իշխանափոխության մեկնարկի, թեժ աշնան մասին, ապա երկու տարվա ընթացքում առնվազն մի քանի այդպիսի հայտարարություններ կարող ենք առանձնացնել»։
Սաֆարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը չի հասկացել՝ ինչ է կատարվել 2018-ին և ինչպես․
«Ռոբերտ Քոչարյանը ունակ չէ հասկանալու, որ եթե անգամ սոցիալական խնդիրների պատճառով փողոցներ փակվեն, դրանք իշխանափոխության վերաճելու ռիսկ չունեն, քանի որ կոնկրետ խնդիրների վերաբերյալ բողոքի դրսևորումներ են»։
Սաֆարյանը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը միտում ունի քաղաքական գործունեության պատրանք ստեղծել, որպեսզի ցույց տա, թե իր նկատմամբ կատարվողը քաղաքական հաշվեհարդար է։
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների հետ համախմբմանը, Սաֆարյանն ասում է՝ Հայաստանում 10 տարուց ավել բոլոր ընդդիմադիր ուժերը նայել են նույն ուղղությամբ, բայց նույն ուղղությամբ նայելը իշխանափոխության անհրաժեշտ պայման չէ․
«Փաստը ցույց տվեց, որ ժողովուրդը պետք է նույն ուղղությամբ նայի»։
Արցախի հարցի շուրջ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին, Սաֆարյանն արձագանքում է․
«Որքան անադեկվատ էին նրա դիտարկումները իշխանափոխության վերաբերյալ, նույնքան և անադեկվատ էին նրա դիտարկումները Արցախի հարցում վարվող քաղաքականության վերաբերյալ»։
Սաֆարյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանը ծանր է տանում, որ, օրինակ՝ Դուշանբեի հանդիպումների արդյունքում կրակոցները Հայաստանի սահմաններում պակասել են, նաև որ բանակում զինվորների սպանությունների թիվը նախկինի չափ չէ․
«Մարդկայնորեն իրենք տառապում են, որ Նիկոլ Փաշինյանն ըստ իրենց, չունենալով մարտական կենսագրություն, պատերազմի բովով անցած մարդու կենսագրություն, շատ ավելի լավ է լուծում խաղաղության խնդիրը։ Ռոբերտ Քոչարյանը պիտի հասկանա, որ իր գնացքը վաղուց գնացել է»։
Սաֆարյանն անդրադարձավ նաև Կառավարության առաջադրած ՍԴ թեկնածու Վահրամ Ավետիսյանի շուրջ քննարկումներին։ Ասաց՝ միանում է Կառավարությանն ուղղված կոչերին՝ հետ կանչել իր առաջադրումը․
«Անգամ կոչ կանեի այդ թեկանծուին ինքնաբացարկ հայտնել և հրաժարվել իր թեկնածությունը հետագայում առաջ մղելու գործընթացից։ Հանրահայտ փաստ է, որ թեկնածու հայրը քաղաքական պատվերով պայմանավորված քաղաքական դատավճիռներ է արձակել և Հայաստանն ունեցել է քաղաքական բանտարկյալներ հենց այս թեկանծուի հոր շնորհիվ»։
Մարտի 1-ի վերաբերյալ Վահրամ Ավետիսյանի դիտարկումները Սաֆարյանը բավարար չի համարում․
«Թաքնվել է լիրիկական գնահատականի տակ, թե դա արյունահոսող վերք է այն դեպքում, երբ իրավաբանը պիտի հստակ իրավական գնահատական տա։ Այո, դա արյունահոսող վերք է, իսկ այդ վերքը ո՞վ բացեց, ո՞վ չբուժեց, ինչո՞ւ չբուժվեց ժամանակին»։
«Ա1+»-ի դիտարկմանը, թե գնահատական չտալը թեկնածուն պատճառաբանել է նրանով, որ հնարավոր է հետագայում, որպես ՍԴ դատավոր առնչվի այդ խնդրին և իր հրապարակային գնահատականը խանգարի անաչառությանը, Սաֆարյանն արձագանքեց, թե մինչև ՍԴ դատավոր դառնալը, հայ հասարակության համար շատ կարևոր էր հասկանալ՝ ինչպես է նա մտածում։