Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Լիբանանահայերը դժվարանում են տեղափոխվել, քանի որ նրանց կապիտալը ձերբակալված է․ Արման Նավասարդյան (տեսանյութ)

«Անփութության, մի փոքր սխալի հետեւանք է, ես խոսել եմ շատերի հետ, ասում են, որ նման ուժգնության պայթյուն ընդհանրապես Լիբանանում չի եղել, թեև այդ երկիրը սովոր է պայթյունների՝ 20 տարի քաղաքացիական պատերազմում է եղել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով  Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունին։

Դեսպանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է կատարեն 2 տարի առաջ տված խոստումը, թե ներգաղթը պետք է լինի իրենց նպատակներից մեկը, եւ այդ խոստման շրջանակներում մեր երկիր տեղափոխեն լիբանանահայերին, քանի որ նրանք արդեն փրկվելու խնդիր ունեն։

Մյուս կողմից Ա․Նավասարդյանն ասում է, որ լիբանանահայերը դժվարանում են տեղափոխվել Հայաստան կամ այլ երկիր, քանի որ նրանց կապիտալը ձերբակալված է, բանկերը իշխանությունների որոշմամբ գումար չեն տալիս։

Դեսպանը նաև անդրադարձավ տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականությանը, այս օրերին ՀՀ սահմաններին մոտ, այդ թվում՝ Նախիջևանում Ադրբեջանի հետ համատեղ իրականացվող զորավարժություններին։ «Թուրքիան փորձում է ամրանալ Նախիջևանում՝ հետագայում Հայաստանին հարվածելու համար»,- ասում է նա։

Ա․Նավասարդյանն անդրադարձավ Սևրի, Ռուս-թուրքական և Լոզանի պայմանագրերի ժամկետի մոտալուտ ավարտին և նշեց, որ Թուրքիան գնում է կանխարգելիչ քայլերի, որ Հայաստանը չբարձրացնի այդ հարցը՝ շատ լավ հասկանալով, որ 2021թ․ պայմանագրերի վերանայման հարցը ՀՀ թիվ մեկ դիվանագիտական հարց է։

Դեսպանը նաև շեշտեց, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր պաշտպանական հնարավորությունները։ Նրա ներկայացմամբ՝ Չինաստանը և Իրանը մեծ քաղաքական խաղ են սկսել, 25 տարով պայմանագիր են ստորագրում, որը ներառում է նաև Մետաքսի ճանապարհի ստեղծումը։ «Դա 600 մլրդ դոլար արժեցող ծրագիր է, Հայաստանը պետք մտնի դրա մեջ»,- եզրափակեց դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում