Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատմական հայրենիքի վերականգնման ուղին

Տնտեսություն

Գործարար Արսեն Ղազարյանը գտել է պատմական հայրենիքը նվաճելու դեղատոմսը. Նա վստահ է, որ պետք է հայկական ապրանքների էքսպանսիա իրականացնել Արեւմտյան Հայաստանում:

«Եթե բացվի հայ-թուրքական սահմանը, մենք կունենանք հնարավորություն պատմական Հայաստանի տարածքում հիմնելու բիզնես` տուրիզմի, շինարարության ոլորտում եւ գոնե այդպես փարատելու մեր ներկայությունը այդ հողերում»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, «Ապավեն» բեռնափոխադրումների ընկերության նախագահ Արսեն Ղազարյանը:

Ըստ նրա, սահմանի բացման դեպքում պետք է վախենալ ոչ թե թուրքաան կապիտալի էքսպանսիայից, «այլ պետք է պատրաստված լինել լուրջ համագործակցության եւ նաեւ հայկական կապիտալի էքսպանսիա իրականացնել»:

Իսկ թուրքական բազմամիլիոնանոց շուկայում Արսեն Ղազարյանը պատրաստվում է էքսպանսիա իրականացնել 15-20 անուն հայկական ապրանքներով:

«Այդ ապրանքների մի մասը թուրքական շուկայում հստակ տեղ կունենան: Նույնիսկ ունենք որոշ նմուշների արտահանում` ոչ հայկական անվան տակ, եւ պոտենցիալ ենք տեսնում»,-ասաց Արսեն Ղազարյանը: Նա գտնում է, որ տնտեսական հարաբերությունները կունենան էական խթան սահմանի բացումից հետո մի քանի լուրջ ճյուղերում`շինարարական նյութերի արտադրություն, էներգետիկա, գազի եւ էլեկտրաէներգիայի վաճառք, տրանսպորտային կոմունիկացիաներ, գյուղատնտտեսական ապրանքների վերամշակում, համատեղ տարածաշրջանային ծրագրեր, ՏՏ ոլորտ:

Երբ հիշեցրինք, որ արդեն մեկ տարուց ավելի է ստորագրված է պայմանագիր` Թուրքիային էլկտրաէներգիա վաճառելու մասին, բայց միայն թղթի վրա է մնացել, Արսեն Ղազարյանն ասաց, որ թուրքական կողմի պատճառով չի իրականացվում պայմանագիրը:

Արսեն Ղազարյանի համոզմամբ, եթե դիվանագիտական հարաբերությունները կարգավորվեն, մեր ապրանքաշրջանառությունը ամենաքիչը կեռապատկվի: Մինչ այժմ 100-150 միլիոնանոց ապրանքնաշրջանառությունը միակողմանի է իրականացվել, թուրքական ապրանքը միակողմանի ներմուծվում է Հայաստան. «
Սահմանի բացումից հետո մենք հնարավորություն կունենանք մտնել թուրքական շուկա»:

Իսկ եթե թուրքական կողմը փորձի «պրոտեկցիա» իրականացնել հայկական ապրանքների դեմ`ներքին շուկան պաշտպանելու համար, հայկական կողմն ի՞նչ միջոցներ կկիրառի, մեր հարցին, Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Դա տեսական է, բայց նույնը մենք կանենք, այդ իրավունքը ունենք օրենսդրական առումով»:

Իսկ Թուրքիայի սահմանը 17 կմ անցնելուց հետո սկսվում է Եվրահամայնքի մաքսային ռեժիմը: Թուրքիան վերջին 6 տարին աշխատում է այդ ռեժիմում. «Մենք էլ, որպես Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, տեղում մտնում ենք այս համակարգի մեջ»:

Փոթիի նավահանգստի միջոցով հայկական ապրանքները տեղափոխվում են Արեւելյան Եվրոպա` Բուլղարիա, Ռումինիա, Սլովենիա, Ուկրաինա, Ռուսաստան եւ այլն: Սա է ամենաէժան ճանապարհը. Եթե սահմանը բացվի, մեր ապրանքը Միջերկրական ծովով կտեղափոխվի Արեւմտյան Եվրոպա, Հեռավոր Արեւելք` Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ խոշոր շուկաներ:

Անհատ ձեռներեցների էտապն անցե՞լ է

Արդյո՞ք ագրարային Թուրքիան մեր շուկայից դուրս չի մղի հայ գյուղացու ապրանքը, քանի որ թուրքականը մի քանի անգամ էժան է:

«Այսօր առանց խոչընդոտի գյուղատնտեսական ապրանքներ են գալիս Վրաստանով եւ մեր ապրանքի հետ հաջող մրցակցում սեզոնի ընթացքում. այստեղ էական բան չի փոխվելու. եթե 1 մեքենայի, մեկ բեռնարկղի փոխադրման գինն իջնելու է 300-500 դոլար, ես չեմ կարծում, որ մեկ տոննա պոմիդորի, կամ խնձորի դեպքում տարբերությունն այնքան էական լինի, որ վախենանք,-ասում է Արսեն Ղազարյանն ու խորհուրդ տալիս վախենալ ուրիշ բանից,- Գյուղատնտեսության ոլորտում պետք է ունենանք կազմակերպված խոշոր ֆերմերային տնտեսություններ.անհատ ձեռներեցների էտապը պետք է ավարտել, հողի մասնավորեցումից հետո պետք է գալ նոր էտապի, որպեսզի ֆերմերային տնտեսությունները կարողանան արտադրողականություն բարձրացնել, ինքնարժեք իջեցնել, շուկայում նորմալ հանդես գալ» :

Ըստ նրա` գյուղացին տուժում է ոչ թե իր վատ աշխատանքի, այլ միջնորդների պատճառով:

«Գյուղացու եւ սպառողի միջու չքաղաքակրթված միջնորդի պատճառով գյուղացին իր կարտոֆիլը 30 դրամից ավելի չի կարողանում վաճառել, իսկ շուկայում նույն կարտոֆիլը վաճառվում է 130-150 դրամով: Այս մարժան մնում է մի խավի ձեռքին, որը հարկ էլ չի վճարում, որը չի նպաստում իր այդ գործունեությամբ գյուղատնտեսական ապրանքի վերականգմանը: Եթե ստեղծվեն գյուղացիական, կոլեկտիվ տնտեսություններ, ֆերմաներ, նրանք կկարողանան այդ ամենի դեմն առնել»,-«Ա1+»-ի հետ իր մտահոգությունները կիսեց Արսեն Ղազարյանը: